Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադառնալ Միլանի «Ինտեր»
Ֆուտբոլի հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյոն հնարավոր է վերադառնա իր նախկին թիմ՝ Միլանի «Ինտեր»: Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, պարտուգալացի մասնագետն այսօր ժամանելու է Միլան եւ հանդիպելու է «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտայի հետ: Իտալական ակումբի ղեկավարությունը Մոուրինյոյին համարում է թիվ մեկ թեկնածու՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Ինտերը» Լուչանո Սպալետիի գլխավորությամբ բավականին անհաջող է սկսել նոր տարին: Թիմը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից, իսկ առաջնությունում անցկացրած երեք խաղերում գոլ չի խփել եւ կրել է երկու պարտություն: Եթե Լուչանո Սպալետիին առաջիկայում չհաջողվի շտկել գործերը, ապա հնարավոր է պաշտոնանկ արվի մրցաշրջանի ընթացքում: Նշենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ինտերում» աշխատել է 2008-2010 թվականներին, որի ընթացքում երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, մեկ անգամ գավաթը, իսկ 2010-ին հաղթել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: