Դեմ են սուպերնախարարության ստեղծմանը (տեսանյութ)
«Մշակույթի, Սպորտի նախարարությունները միավորելով Կրթության և գիտության նախարարությանը ստացվում է մի «սուպեր» նախարարություն։ Անթույլատրելի է պետության երեք խնդրահարույց ոլորտները, միավորել մի հարթակի տակ», -իր խոսքում նշեց Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Երանուհի Մարգարյանը։ Նրա համոզմամբ մշակույթի նախարարությունը, որպես քաղաքական պետական միավոր, շատ կարևոր է մեր պետության համար։ Նախարարությունը պետք է մշակի պետական մշակութային քաղաքականություն, ունենա հզոր իրավական լծակներ, որը մինչ այսօր չի ունեցել։ Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը ավելացրեց, որ երբ խոսում ենք պետական համակարգի մասին, հարկ է տարբերել այն պետական կառավարչական համակարգից։ Մենք ունեցանք հեղափոխություն, մեր երկրում խորքային քաղաքական գործընթացներ տեղի ունեցան, բայց այդ գործընթացների արդյունքում մեր երկրի տնտեսությունը չտուժեց, տեղի չունեցան տնտեսական ճգնաժամեր, դրամի արժեզրկում, չունեցանք ներքին և արտաքին անվտանգային խնդիրներ, ինչո՞ւ, որովհետև,պետական կառավարման համակարգը այս ընթացքում անխափան աշխատում էր, որն էլ մեր պետականության հիմքն է։ Մինչ այս որոշումը կյանքի կոչելը անհրաժեշտ էր մասնագետների հետ անցկացնել խորքային քննարկումներ, թե ինչ եղանակով իրականացվի օպտիմալացումը, որպեսզի պետական համակարգիը վնաս չկրի։ Պետական կառավարման համակարգի տրամաբանությունը պահանջում է, որ նախարարություններն ինքնուրույն կարողանան մշակել քաղաքականություն։ Եթե նախարարությունը լինի մեկ այլ նախարարության կազմում, դա չի հանդիսանա առանձին ճյուղային նախարարություն և չի կարող է մշակել և իրականացնել պետության քաղաքականությունը ոլորտային բնագավառներերում։