Տնօրենը շահագործել է մեզ. Տիկնիկային թատրոնի բեմի մեքենավարներ (տեսանյութ)
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում լարված մթնոլորտ է, աշխատակիցների մի խումբ՝ բեմի հինգ մեքենավարները պնդում են՝ տնօրեն Ռուբեն Բաբայանը տարիներ շարունակ շահագործել է իրենց: «Իմացանք, որ բանվոր կա հաստիքով գրանցված, բա որ կա ինչու՞ ենք մենք այդ աշխատանքները կատարում»,- ասում է բեմի մեքենավար Գուրգեն Մանուկյանը: Աշխատակիների պնդմամբ հաստիքով գրանցված 2 բանվորները, որոնցից մեկը թոշակառու կին է, այդ աշխատանքը չեն կատարել. «Մենք արել ենք բանվորական բոլոր գործերը»: Բեմի ավագ մեքենավար Հայկ Հակոբյանը, որն այստեղ է աշխատում արդեն 11 տարի, նշում է, որ այս խնդիրը միշտ է եղել, լուծում գտնելու համար նա խորհրդակցել է իրավաբանների հետ. «Իրավաբանները միաձայն կրկնում են, որ դա ձեր աշխատանքը չէ, տնօրենը նշում է մի կետի մասին, որտեղ գրված է, որ տնօրենը կարող է տալ աշխատանքներ օրենսդրությամբ նախատեսված կարգով, ինքը դա մեկնաբանում է, որ պիտի բանվորություն անենք»: Բեմի մեքենավարների շարքում երկու հաշմանդամ կա, մեկը լսողության խնդիրներ ունի, իսկ մյուսը՝ Հարությունը, ողնաշարի. «Եղել է, որ տնօրենը ասել է , գնացել, վեշեր եմ բերել էստեղ, զուգարան, դիվան, դաշնամուր, եղել է, որ իր երկու տղաները կողքներս կանգնած` ինձ ա ասել գնա անվադողեր բեր»,-նշում է Հարությունը: Նրա խոսքով տնօրենը տեղյակ է, որ իրեն ծանրություն բարձրացնել չի կարելի, իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի նա. «Ասել ա քեզ ձեռ չի տալիս դիմում գրի ու հեռացի, ես էլ տան միակ աշխատողն եմ, հայրս չի տեսնում»: Աշխատակիցներից չորսը դիմում են գրել, նշելով, որ կազատվեն աշխատանքից, եթե շարունակեն իրենց շահագործել, տնօրենն այն ստորագրել է, փաստացի՝ դեկտեմբերի 25-ից նրանք կմնան գործազուրկ, աշխատակիցները դիմել են մշակույթի նախախարություն, այնտեղից խոստացել են անհապաղ ընդունելություն կազմակերպել: Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն այս պահին Հայաստանում չէ, նա վաղը ժողով է հրավիրել, որին չեն մասնակցի բեմի մեքենավարները, նրանք վաղվանից գործադուլ են սկսում: