Հայաստանում կենդանիների բարեկեցությունը պաշտպանված չէ. «Մեկ առողջություն»
«Թե՛ զեբրի թունավորումը, թե՛ բեզոարյան այծի՝ վանդակից անհետացումը վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել գործողություն, որի մեջ կան դիտավորության էլեմենտներ»,- ասում է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ այս գործողությունները կատարողը եղել է մարդ, ով քաջ ծանոթ է կենդանաբանական այգու աշխատանքին, վանդակների կառուցվածքին և կերակրման պրոցեսին։ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարի խոսքով, Հայաստանում կենդանիների բարեկեցությունը պաշտպանված չէ։ «Բոլոր քաղաքակիթ երկրներում գոյություն ունի կենդանիների բարեկեցության մասին օրենք, սակայն մեր երկրում կենդանիներին պաշտպանում են «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի մեկ կետով, որով արգելվում է կենդանիների հետ դաժան վերաբերմունքը»։ Գրիգորյանն ասում է, որ բոլոր խնդիրները սկսեցին բարձրաձայնվել հեղափոխությունից հետո։ «Տուբերկուլիոզի դեպքը տեղի էր ունեցել 6 ամիս առաջ, բայց չգիտես ինչու բարձրաձայնվեց միայն հեղափոխությունից հետո»։ Խոսելով տուբերկուլիոզի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ հիվանդության հսկողությունների ազգային կենտրոնը և կենդանաբանական այգու անասնաբուժական ծառայությունը հայտարարեցին, որ տուբերկուլիոզ է եղել, բայց ոչ մի հայտարարություն չտարածեցին դրա պատճառների, տեսակի և թռչունների ստուգման մասին։ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասում է, որ կան նկատառումներ, որ հնարավոր է այս պրոցեսը շարունակվի և մարդիկ, ովքեր շահագրգիռ են կենդանաբանական այգու ստրուկտուրայի փոփոխությամբ, կանգ չեն առնի ոչնչի առջև։ «Սա միտումնավոր սաբոտաժ է, որը անդրադառնում է կենդանիների վրա և այն ակնհայտորեն ուղղված է կենդանաբական այգու տնօրինության դեմ»։ Բանախոսների կարծիքով՝ եթե կեդանաբանական այգին չփակվի, հսկողություն չլինի պատկան մարմինների կողմից այս տեռորը շարունակվելու է։