Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունեցող անձինք հանդես եկան որպես դիտորդներ

Հասարակություն
498fb7b029d11dc810cdbd31b7b78f56

«Ես անձամբ առնչվեցի այն բոլոր անհարմարություններին, որոնց կարող են բախվել հաշմանդամություն ունեցող անձինք ընտրական տեղամասերում»,- պատմում է Քրիստինե Կիրակոսյանը, ով դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցեց որպես դիտորդ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Առաջին անգամ որպես դիտորդ ընտրություններին մասնակցող Քրիստինեն նշում է, որ իր համար շատ կարևոր էր մատչելիության վերաբերյալ դիտարկումներ կատարելու հնարավորություն ունենալը. «Դիտորդական առաքելություն իրականացրի Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 30/63 ընտրատեղամասում: Անմատչելիության բախվեցի հենց ընտրատեղմաս մուտք գործելիս, որտեղ թեքահարթակ չկար: Ստիպված եղա դիմել ոստիկանության աշխատակցի օգնությանը: Այդ պահին այնտեղ էր նաև համայնքապետը, ով տեսավ, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մի կերպ աստիճաններով բարձրացնում անվասայլակս»,- նշում է Քրիստինեն՝ հավելելով, որ ընտրատեղամասում անմատչելի էր նաև սանհանգույցը, չկային խոշորացույցեր՝ նախատեսված տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Շրջիկ դիտորդ Մերի Պապիկյանն էլ նկատում է՝ իրենց այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերն անմատչելի էին.  «Մեր խմբի իրականացրած դիտորդական առաքելության ընթացքում բացի ընտրախախտումներից արձանագրեցինք նաև ընտրատեղամասերի անմատչելիության բազմաթիվ դեպքեր: Արթիկի տարածաշրջանի և հարակից գյուղերի մեր այցելած գրեթե բոլոր ընտատեղամասերում չկային թեքահարթակեր՝ անվասայլակով տեղաշարժվող և  խոշորացույցեր՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Խնդիրներ կային նաև կապված քվեարկության սենյակների կահավորման հետ. տեղամասերից մեկում լուսավությունը բավարար չէր, իսկ այլ տեղամասերում քվեատուփը շատ բարձր էր տեղադրված կամ պատին շատ մոտ էր տեղադրված: Ցավոք սրտի ականատեսը եղանք նաև տարբեր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հանձնաժողովի անդամների կոպիտ վերաբերմունքի»,- պատմում է Մերին: Հավելենք, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ից հավատարմագրված 45 դիտորդներն ընտրությունների օրն աշխատել են Հանրապետության մայրաքաղաքում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի տարբեր քաղաքների և գյուղերի ընտրատեղամասերում՝ արձանագրելով ընտրախախտումների և մատչելիության հետ կապված խնդիրներ: Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի», «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էԵվրոպական Միության կողմից: