«ԳՈՀ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՐԴՅՈւՆՔԻՑ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը դժգոհ է իր սաների ցուցադրած խաղից Լիխտենշտեյնի հետ երեկ կայացած մրցավեճում: Պետրոսյանին գոհացրել է միայն արդյունքը` 1:0 հաշվով հաղթանակը. «Այն ֆուտբոլիստները, որոնք պետք է տոն տային խաղին, վատ խաղացին, քանի որ մայիսի 27-ին «Փյունիկի» կազմում մասնակցել էին սուպերգավաթի համար մրցավեճին»: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դեմ չէր եղել հավաքականի թեկնածուներին ազատել սուպերգավաթի հանդիպումից եւ հնարավորություն տալ նրանց ավելի լավ նախատրաստվել Լիխտենշտեյնի հետ մրցավեճին: Սակայն Սամվել Պետրոսյանը հրաժարվել է այս տարբերակից. «Ես մտածեցի, որ Արմենը նոր է նշանակվել գլխավոր մարզիչ «Փյունիկիում», եւ ուզում էի որ նա հաղթեր սուպերգավաթը»:
Սամվել Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ հարձակվող Գեւորգ Ղազարյանը շարունակելու է հանդես գալ երիտասարդական հավաքականում եւ նախապատրաստվելու է հունիսի 6-ին Խարկովում Ուկրաինայի հետ կայանալիք մրցավեճին: Իսկ մինչ այս տեղեկություն կար, որ Գեւորգ Ղազարյանը ազգային հավաքականի կազմում մեկնելու է Ղազախստան: