ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 31-ին` 20:00-ին, ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի «Եվրո-2009»-ի ընտրական փուլում: Սամվել Պետրոսյանի սաները կմրցեն Լիխտենշտեյնի հետ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի առաջիկա մրցակիցը իր պատմության ընթաքում ընդամենը 2 պաշտոնական հանդիպում է անցկացրել եւ 2-ում էլ պարտվել խոշոր հաշիվներով:
Հայաստանի երիտասարդական հավաքականը արդեն 4 օր է հանգրվանել է «Էրեբունի» հյուրանոցում եւ օրական 2 մարզում է անցկացնում: Հավաքականի կազմում մեծ թիվ են կազմում «Փյունիկի» ֆուտբոլիստները: Լիխտենշտեյնի հետ մրցավեճում հավանական է, որ Հայաստանի իր առաջին հանդիպումը անցկացնի ֆրանսահայ դարպասապահ Անտոնի Բաբիկյանը, որը հանդես է գալիս հայտնի «Սեդան» ակումբում:
Ընտրական այս հանդիպումից հետո երիտասարդականը կուղեւորվի Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ հունիսի 6-ին կհյուրընակլվի այս երկրի երիտասարդական հավաքականին: Լիխտենշտեյնի հետ մրցավեճը կլինի ուժերի լավ փորձարկում Ուկրաինայի հետ կայանալիք ծանր հանդիպումից առաջ:
Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հավաքականը պաշտոնական վերջին հանդիպումը անցկացրել է 2006թ. սեպտեմբերին` Երեւանում 1:0 հաշվով առավելության հասնելով Նորվեգիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ: