ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈւՄԸ 1:12-ԻՑ ՀԵՏՈ
Աջակցիր «Ա1+»-ին«Հրազդան» մարզադաշտում կայանալիք «Կիլիկիա»-«Փյունիկ» մրցավեճով վաղը մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրը: Այս մրցավեճում ակնհայտ ֆավորիտը առաջատար «Փյունիկին» է, որ 2006թ. առաջնության 4-րդ շրջանում «Կիլիկիային» պարտության մատնեց աննախադեպ խոշոր 12:1 հաշվով:
«Կիլիկիայի» համար այդ չարաբաստիկ հանդիպումից հետո, սա այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն է, ուստի դաշտի տերերն ապացուցելու շատ բան ունեն: Նախորդ տուրում 2 թիմերն էլ հաջող են հանդես եկել, հաղթանակ տոնելով միեւնույն`1:0 հաշվով: «Կիլիկիան» առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ, իսկ «Փյունիկը»` «Գանձասարի»: «Կիլիկիա»-«Փյունիկ» մրցավեճում բուքմեյքերները դաշտի տերերի հաղթանակի համար սահմանել են 5.5 գործակից, իսկ «Փյունիկի» հաջողությունը գնահատվում է ընդամենը 1.30 գործակցով: Նշենք, որ «Փյունիկը» առայժմ միակ թիմն է, որ դեռ պարտություն չի կրել:
6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա մեկ օր ուշ` մայիսի 19-ին, «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Արարատը» կընդունի 2-րդ հորիզոնականում ընթացող «Միկային»: Այս մրցավեճում կրկին խաղադաշտ կարող է դուրս գալ «Արարատի» առաջատար ֆուտբոլիստ Նշան Էրզերումյանը: Վերջինս նախորդ տուրի «Բանանց»-«Արարատ» մրցավեճը բաց թողեց որակազրկման պատճառով: Այս մրցավեճում «Արարատի» հաղթանակի համար սահմանվել է 1.65 գործակից: Եւս մեկ կենտրոնական հանդիպում տեղի կունենա Կապանում, որտեղ «Գանձասարը» կհյուրընկալի «Բանանցին»: «Գանձասարը» այժմ ընթանում է 3-րդ տեղում եւ ընթացիկ առաջնությունում բաց է թողել ընդամենը 1 գնդակ, այն էլ «Փյունիկին» հյուրընկալվելու ընթացքում:
Առաջնության ետնապահներ «Ուլիսը» եւ «Շիրակը» կմրցեն Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, թեեւ այս թիմերի հանդիպումը նախատեսված էր անցկացնել «Հանրապետական» մարզադաշտում: Հավանաբար ՀՖՖ-ում այս որոշումով ցանկացել են թեթեւացնել «Հանրապետականի» վրա ընկած մեծ ծանրաբեռնվածությունը, առավել եւս որ հանդիպում են առաջնության ետնապահները: