Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում կրկին ոչ ֆուտբոլային հաշիվ գրանցվեց: «Միկան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Սուրեն Բարսեղյանը:

«Միկան» հանդիպման ելքը գործնականում վճռեց խաղասկզբում, երբ 9-րդ եւ 13 րոպեներին աչքի ընկան Արտյոմ Ադամյանը եւ Կլեբերը: Մնացած 5 գնդակները «Միկայի» ֆուտբոլիստները խփեցին վերջին 33 րոպեներին, երբ «Ուլիսի» ֆուտբոլիստները ֆիզիկական անբավարար պատրաստվածության պատճառքով այլեւս ի զորու չէին դիմակայել մրցակցին:

Առաջատար «Փյունիկը» հերթական հաղթանակը տոնեց` «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»: «Փյունիկի» կազմում հաղթական գնդակը 30-րդ րոպեին խփեց Ռոմբերտ Արզումանյանը: Մինչ այս «Գանձասարը» գնդակ չէր ընդունել սեփական դարպասը:

Գյումրիում մրցեցին ետնապահներ «Շիրակը» եւ «Կիլիկիան»: Թեեւ գյումրեցիները սեփական հարկի տակ բավական հաջող են հանդես գալիս, սակայն անսպասելիորեն զիջեցին 0:1 հաշվով: Եւս մեկ հանդիպում կկայանա այսօր «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ կմրցեն «Բանանցը» եւ «Արարատը»:

Այս թիմերը մայիսի 9-ին նույն մարզադաշտում վիճարկեցին Հայաստանի գավաթը: Այս մրցավեճի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Բանանցը»` 2 անպատասխան գնդակ ուղարկելով թիմի դարպասը դարձավ Հայաստանի գավաթակիր: