Ծխելու հետևանքով տարեկան 6 մլն մահն անգամ մարդկանց չի զգաստացնում
Առանց ծխախոտի համաշխարհային օրն այս տարի նշվում է «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները» կարգախոսով: Ծխախոտի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Ծխելու հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ գրեթե 900 հազար մահվան դեպք էլ պայմանավորված է պասիվ ծխելով: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում այսօր ծխում է 15 տարեկանից բարձր բնակչության 26-27 տոկոսը, ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը՝ 53,4 տոկոս, կանանց դեպքում ցուցանիշն անհամեմատ ցածր է 2,3 տոկոս, սա իրավիճակի մասին հստակ պատկերացում չի կարող տալ, քանի որ կանայք սովորաբար թաքցնում են ծխելու փաստը, վերջին տարիներին էլ ավելացել է երիտասարդ ծխողների թիվը: Նախորդ տարվանից, ԵԱՏՄ որոշման համաձայն, անդամ բոլոր երկրներում ծխախոտների տուփերին տրվեց սարսափելի տեսք։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նկարներն արդյունավետ են և օգնում են թողնել վնասակար սովորությունը: «Ա1+»-ը հարցում անցակցրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսի ազդեցություն ունեն նկարները ծխողների վրա և ինչպես են վերաբերվում սիգարետների թանկացմանը: