«ԱՐԱՐԱՏԻ» ԵՐԿՐՊԱԳՈւՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլասերների գերակշիռ մասը վաղը կայանալիք «Արարատ» - «Բանանց» Հայաստանի գավաթի եզրափակիչ մրցավեճում ցավելու է «Արարատի» համար: Դա է վկայում «Ա1+»-ի կողմից անցկացված հարցումը պատահական ֆուտբոլասերների շրջանում:
22-ամյա Արմանը խորհրդային տարիների ոսկե «Արարատի» խաղին ծանոթ չէ, սակայն ծնողներից շատ բան է լսել. «Հայկական թիմերից միշտ «Արարատին» եմ ցավում: Այս թիմը բոլորի համար հոգեհարազատ է դարձել»: Ավելի տարեց Խոսրովը ականատես է եղել «Արարատի» 80-ականների ելույթներին. «Մեծ կարոտով եմ հիշում «Արարատի» խաղը: Ցավում եմ, որ անկախացումից հետո այս թիմը առայժմ չի կարողանում բարձր արդյունքի հասնել: Հույս ունենանք, որ գավաթի խաղարկությունում «Արարատը» կհաղթի եւ դա խթան կհանդիսանա հետագա հաջողությունների համար»: «Արարատի» համակիրների թվում է նաեւ 48-ամյա Սուրենը. «Այս տարվա «Արարատը» լավ տպավորություն է թողնում: Սուքիասյան Վարուժանին հաջողվել է լավ թիմ ստեղծել եւ համոզված եմ, որ գավաթը կտանեն»: 44-ամյա Հովիկն էլ գտնում է, որ գավաթին տիրանալու դեպքում «Արարատի» հովանավորները ավելի լուրջ կվերաբերվեն թիմին. «Թիմը վաղուց Հայաստանում որեւէ արդյունքի չի հասել: Եթե այժմ դա անի, կարծում եմ «Արարատի» հովանավորները կոգեւորվեն եւ ավելի լուրջ գումարներ կծախսեն, որովհետեւ թիմը արդեն ՈւՖԵԱ-ի գավաթում հանդես գալու հնարավորություն է ստանում»:
«Բանանցին» Երեւանում եւս սիրում են, սակայն հիմնականում պատանի ֆուտբոլասերները, որոնցից մեկը 15-ամյա Արմենակն է. «Ես «Փյունիկին» էի սիրում, բայց հիմա «Բանանցի» կողմից եմ, քանի որ «Բանանցը» լավ խաղ է ցուցադրում»: 18-ամյա Արամը ցանկանում է, որ եզրափակիչում հաղթի «Բանանցը».«Հավասար թիմեր են եւ 2-ն էլ հաղթելու լավ հնարավորություն կունենան, բայց ես կուզեի, որ «Բանանցը» հաղթեր»: