ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈւ
Աջակցիր «Ա1+»-ինԸմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է եւ անպայման մասնակցելու է Բաքվում կայանալիք աշխարհի 2007թ. առաջնությանը, որում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 8-ական օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այսօր այս մասին հայտնեցին Հայաստանի պատվիրակության կազմում Բաքվում քառակողմ հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը (Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար), Ռազմիկ Ստեփանյանը (ՀՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ) եւ Լեւոն Ջուլֆալակյանը (Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ): Օրերս Բաքվում կայացած հատուկ հրավիրված քննարկմանը մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի մարզական պատվիրակությունները, ՄՕԿ-ի ներկայացուցիչը եւ Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի (ՖԻԼԱ) նախագահ Ռաֆայել Մարտինետին: Կողմերը հիմնականում քննարկեցին անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր, քանի որ անկախացած Հայաստանի մարզիկները երբեւէ չեն մասնակցել Ադրբեջանում անցկացված միջազգային մրցաշարերին:
«Ի՞նչ է պետք Հայաստանի հավաքականին Բաքվում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Առաջին հերթին մուտքի վիզաներ, պետք է անվտանգության ապահովում մեր մարզիկների եւ մարզիչների ժամանման առաջին իսկ պահից: 3-րդը, դա մեր ազգային դրոշի առկայությունն է մարզադահլիճներում եւ, իհարկե, հաղթանակի դեպքում պարտադիր է, որ հնչի մեր ազգային հիմնը: Այս հարցերը բարձրացնելուց հետո մենք տեղում հասկացանք նաեւ, որ հեռախոսային կապ չկա Հայաստանի հետ: Այս հարցը եւս բարձրացվեց, քանի որ մեր մարզիկները գալու են եւ բնական է, որ կցանկանան իրենց ընտանիքների հետ կապ պաշտպանել»,- ասաց Արմեն Գրիգորյանը` ավելացնելով, որ վերջին հարցը լուծվելու է ինտերնետային կապի միջոցով:
Բացի այդ հայկական պատվիրակությունը պահանջել է, որ աշխարհի առաջնությանը ներկա գտնվեն ՄՕԿ-ի հատուկ պատվիրակը եւ անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք կկարողանան ներկայացնել ծավալվող իրադարձությունների իրական պատկերը: Ի վերջո, կողմերը երկարատեւ բանակցություններից հետո հատուկ պայմանագիր են կնքել, որը ստորագրել են քննարկման բոլոր մասնակիցները: Այս պայմանագրով Ադրբեջանի կառավարությունը` հանձինս Սպորտի նախարարության, պարտավորվում է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները հայ մարզիկների համար:
Իսկ, թե որքանո՞վ է դա իրատեսական, ասուլիսի մասնակիցները դժվարացան ասել: «ՖԻԼԱ-ի նախագահը քննարկման ժամանակ ասաց, թե հարգելիներս, ինչո՞ւ եք անհանգստանում, երբ ադրբեջանական կողմը` հանձինս սպորտի եւ մշակույթի նախարարի, պետական մակարդակով երաշխավորում է Ձեր անվտանգությունը: Այդ պահին ես մեջբերում արեցի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների միջեւ Շվեյցարիայում կայացած հանդիպումից, որտեղ նույն Ադրբեջանի Սպորտի եւ մշակույթի նախարարը նշել է, որ նպատակահարմար են գտնում չժամանել Երեւան եւ ոչ էլ` Հայաստանի ազգային հավաքականին ընդունել Բաքվում: Մինչդեռ հայկական կողմը ներկայացրել է վարչապետի կողմից տրված երաշխիքները, որ մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանին», - նշեց Ռազմիկ Ստեփանյանը:
Ամեն դեպքում, ըստ Ստեփանյանի` ադրբեջանցիները տվել են բոլոր երաշխիքները, քանի որ հակառակ դեպքում լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն, թե ՄՕԿ-ում, թե միջազգային մյուս կառույցներում:
Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն էլ հայտնեց, որ Բաքվում առաջնության մասնակցելը հոգեբանորեն շատ ծանր կլինի մեր մարզիկների համար, սակայն պարտադիր պետք է մասնակցեն: Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ ՖԻԼԱ-ն Հայաստանի համար հատուկ որոշում է ընդունել. «ՖԻԼԱ-ի նախագահ Մարտինետին ասաց, որ եթե նույնիսկ Հայաստանը չմասնակցի Բաքվի առաջնությանն, ապա մեր մարզիկներին բացառության կարգով հնարավորություն կտրվի մասնակցել վարկանիշային մյուս մրցաշարերին, որտեղ հնարավոր է օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել»: Հայտնի է, որ Աշխարհի առաջնությանը չմասնակցող երկրներն, ըստ կանոնակարգի` զրկվում են նաեւ մյուս վարկանիշային մրցաշարերին մասնակցելու իրավունքից եւ դուրս են մնում օլիմպիական խաղերից:
Ի դեպ, այս այցը գրեթե գաղտնի է եղել եւ հայկական պատվիրակության անդամների անձնագրերում նույնիսկ մուտքի վիզայի կնիք չի դրվել: Այս մասին հայտնեց Ռազմիկ Ստեփանյանը եւ շարունակեց. «Նրանք հատուկ աշխատանք էին տարել, որ հատուկ քննարկման մասին տեղեկությունը տարածում չստանա: Մենք գտնվում էինք խստիվ հսկողության տակ: Անհարմար է ասել, բայց նույնիսկ ֆիզիկական կարիքները հոգալուց անվտանգության ծառայության ընկերներն ուղեկցում էին մեզ տվյալ վայրը եւ բերում հետ: Մեզ նույնիսկ խնդրել էին, որ սպորտային կառույցները շրջելիս, մարդկանց հետ շփվելիս միմյանց հետ հաղորդակցվենք միայն ռուսերենով»: