Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՏԱՊ ՕԳՆՈւԹՅՈւՆ «ՈւԼԻՍԻՆ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը, որը ընթացիկ մրցաշրջանում գլխավորում էր Կապանի «Գանձասարը», այսուհետեւ կաշխատի Երեւանի «Ուլիսում»: Այս թիմը Հայաստանի առաջնության 3-րդ տուրից հետո առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ առայժմ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Վերջերս պաշտոնանկ էր արվել «Ուլիսի» գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը:

Իսկ ահա «Գանձասարը» բավական հաջող էր մեկնարկել առաջնությունում եւ 7 միավորով ընթանում էր 2-րդ հորիզոնականում: Սուրեն Բարսեղյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իր հեռանալու հիմնական պատճառները ընտանեկան էին. «Կապանը Երեւանից բավական հեռու է եւ դա էր հիմնական պատճառը, որ ես երբ հրավեր ստացա «Ուլսի» ղեկավարներից, որոշեցի գլխավորել այս թիմը: Առայժմ պաշտոնապես չեմ գլխավորել «Ուլիսը», բայց արդեն այս թիմի հետ եմ»:

Ի դեպ, Սուրեն Բարսեղյանը նախկինում գլխավորել է «Միկան», «Արարատը», «Գանձասարը» այն պահին, երբ այս թիմերը ծանր կացության մեջ են եղել: Բոլոր դեպքերում էլ փորձառու մասնագետին հաջողվել է շտկել իրավիճակը: Այս անգամ եւս Բարսեղյանը հույս ունի լավ արդյունքի հասնել. «Կարծեք ես շտապ օգնության եմ հասնում մեր թիմերին եւ չեմ փնտրում պատրաստի թիմեր: Ես ոտքի եմ կանգնացնում «Ուլիսը» եւ հույս ունեմ որ թիմը վերելք կապրի, որպեսզի հովանավորները չհիասթափվեն»: Սուրեն Բարսեղյանը նշեց նաեւ, որ առայժմ հայտնի չէ, իր օգնական Աբրահամ Խաշմանյանի հարցը, որը այժմ կատարում է «Գանձասարի» գլխավոր մարզչի պարտականությունները. «Խաշմանյանը արդեն այնքան գիտելիքներ ունի, որ կարող է եւ ինքնուրույն աշխատել թիմերի հետ»:

«Գանձասարի» նախագահ Վլադիկ Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Բարսեղյանը ընտանեկան պատճառներով է հեռացել ակումբից. «Առաջիկա օրերին նա պետք է ներկայացնի հրաժարականի դիմում»: