ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ, ԱՅՆՈւՀԵՏԵՎ` ԲԱՔՈւ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 3-ին Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի, որտեղ նրանց դիմավորելու են ադրբեջանի ներկայացուցիները, ապա կողմերը օդանավով ապրիլի 4-ին մեկնելու են Բաքու, որտեղ քննարկվելու է Հայաստանի մասնակցության հարցը` աշնանը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Քննարկմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, որը «Ա1+»-ի հետ զրույցի սկզբում նախ ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը շատ լուրջ վերաբերվում հարցին.
-Ինչպես հայտնի է, ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` մարզաձեւի միջազգային ֆեդերացիան դեռեւս մեկ տարի առաջ նախատեսել էր անցկացնել Բաքվում: Հաշվի առնելով, որ աշխարհի առաջնությունում խաղարկվելու են օլիմպիական խաղերի ուղեգրեր, մասնակիցները լրջորեն են մոտենում այս մրցաշարին: Աշխարհի առաջնությունում 1-8-րդ տեղերը գրավողները իրավունք են ձեռք բերում մասնակցել Պեկինում կայանալիք խաղերին: Բացի այդ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն այն երկրները, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցում, այդ երկրների մարզիկները իրավունք չունեն մասնակցել վարկանիշային խոշոր մրցաշարերին, որտեղ եւս խաղարկվում են որոշ ուղեգրեր: Փաստորեն, եթե մենք չենք մասնակցում առաջիկա աշխարհի առաջնությանը, զրկվում ենք նաեւ մյուս վարկանիշային մրցաշարերից եւ մեր առջեւ պատ է կանգնում օլիմպիական խաղերի մասնակցության հարցում:
Հայաստանի սպորտայաին հասարակայնությունը անհանգստացած է, որ մեր առաջատար մարզաձեւերից մեկը համարվող ըմբշամարտը կարող է զրկվել օլիմպիական խաղերից: Թե հունա-հռոմեական ոճի ըմբշամարտից, թե ազատ ոճի ըմբշամարտից տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բարձր արդյունքներ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, ուստի այս անգամ եւս ակնկալիքներ ունենք: Այսինքն` մեզ մտահոգում է օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքի հարցը, ոչ թե Բաքվում ինչ-որ մրցման մասնակցելու խնդիրը: Պարզ է, որ եթե այս հանգամանքը չլիներ, ապա թեկուզ սկուտեղի վրա էլ բերեին ներկայացնեին մեր հարեւան երկրի գործընկերները, մենք չէինք ընդունի:
-Իսկ կոնկրետ ի՞նչ տարբերակներ են քննարկվում առկա խնդիրները լուծելու կապացությամբ:
-Մոտ 6 ամիս առաջ մենք դիմել ենք Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիային (ՖԻԼԱ), որի նախագահն է Մարտինետը: Ըստ կանոնակարգի` այս խնդիրները պետք է ՖԻԼԱ-ն լուծի, իսկ երբ ինչ-որ բարդություններ առաջանում է, ապա Միջազգային օլիմպիական կոմիտեն պետք է միջամտի: Մեր դիմումի մեջ նշել ենք, որ երբ 2003թ. Եվրոպայի առաջնությունը դարձյալ Բաքվում էր անցկացվում մենք պատրաստ էինք մասնակցելու մրցաշարին, սակայն ադրբեջանական կողմը չտվեց մուտքի վիզաներ եւ անվտանգության երաշխիքներ: Մենք խնդրել ենք ՖԻԼԱ-ի նախագահին նկատի ունենալ այս ամենը եւ փնտրել տարբերակներ, թե ինչպես է Հայաստանը մասնակցելու Բաքվում կայանալիք առաջնությանը: Միջազգային ֆեդերացիան բանակցել է Ադրբեջանի իշխանությունների, նրանց օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: Գիտեք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիսանում է նաեւ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նախագահը:
Ադրբեջանը ՖԻԼԱ-ին պատասխանել է, որ մենք ստեղծում ենք անվտանգ պայմաններ բոլոր երկրների համար: Դա մեզ չի ուղարկվել, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Մեզ այս մասին ՖԻԼԱ-ի նախագահն է նամակով տեղեկացրել, որ նրանք բոլոր պայմանները ստեղծում են: Մենք եւս մեկ անգամ ենք դիմել ՖԻԼԱ-ին, թե ինչով է հիմնավորում Ադրբեջանը անվտանգության երաշխիքները: Ի վերջո, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` բանակցելով Ադրբեջանի սպորտային կառույցների հետ, որոշել է հանդիպում կազմակերպել: Այդ հանդիպումը Բաքվում կազմակերպելը ադրբեջանցիների մտահղացումն է: Ըստ երեւույթին նրանք կարող են պատճառաբանել, որ ցանկանում են ցույց տալ մարզակառույցը, որտեղ անցկացվելու է առաջնությունը, ցանկանում են ցույց տալ, թե ինչ պայմաններ են ստեղծված մարզիկների հանգստի, մարզումների համար: Երբ նրանց առաջարկը քննարկվեց մեզ մոտ օլիմպիական կոմիտեի ղեկավարի ներկայությամբ, մենք եկանք մի եզրակացության, որ պետք է ընդունել այդ հանդիպման առաջարկը` բանակցելու, արձանագրելու այն երաշխիքները, որ նրանք տալիս են:
-Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններից, ովքե՞ր են մասնակցելու այս հանդիպմանը:
-Հաշվի առնելով, որ միայն մեր մասնակցությամբ դա հնարավոր չէ, ընդառաջ են գնացել մեզ եւ այս միջոցառմանը մասնակցելու է անձամբ ՖԻԼԱ-ի նախագահ Մարտինետին, Միջազգային Օլիմպիական կոմիտեի միջպետական հարաբերությունների հանձաժողովի նախագահը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Այսինքն` քառակողմյան ինչ-որ համաձայնություն պետք է ձեռք բերվի: Հայաստանից հանդիպմանը մասնակցելու եմ ես, մեր օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, սպորտպետկոմի նախագահի տեղակալ Արմեն Գրիգորյանը եւ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը: Բոլորովին վերջերս պարոն Ծառուկյանի ստորագրությամբ եւս մեկ նամակ ենք ուղարկել ՄՕԿ-ի նախագահ Ռոգեին եւ նշել, որ հատուկ ուշադրություն դարձվի այս խնդիրին: Մասնավորապես ասված էր, որ մեր երկրների միջեւ եղել է պատերազմ եւ երկու կողմերն էլ մարդկային կորուստներ են տվել, ուստի ինչպե՞ս եք պատկերացնում 10 հազարից ավելի նստատեղ ունեցող մարզապալատում մեր մարզիկների մասնակցությունը եւ նրանց հոգեբանական վիճակը:
-Իսկ ի՞նչ սպասելիքներ ունենք Բաքվում կայանալիք հանդիպումից: Հնարավո՞ր է դարձյալ անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց վերջին պահին չկատարեն խոստումները, ինչպես որ եղել է նախկինում, թե՞ այս անգամ միջազգային կառույցները չեն թողնի, որ պատմությունը կրկնվի:
-Ինչ կտան այս բանակցությունները, ես նախօրոք ասել չեմ կարող: Մեր այցը, ոչ թե քաղաքական բնույթ է կրելու, այլ` մաքուր մարզական նպատակային հանդիպում: Իհարկե ցանկալի չէ, որ մեր մարզիկները այդ մթնոլորտում մասնակցեն առաջնությանը, բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք: Միայն խնդիրը նրանում է կայանում, որ ինչ-որ շինծու բաներ չսարքեն, որ մեր մարզիկների մասնակցությունը խանգարեն, բացի այդ այնտեղ այնպիսի մթնոլորտ չիլինի, որ տղաները հոգեբանորեն իրենց ճնշված զգան: Եթե Բաքվում ընդունելի կլինեն մեր առաջարկությունները, ապա կկազմվի համապատասխան արձանագրություն բոլոր կողմերի ստորագրությամբ: 100%-ով հնարավոր չէ ասել, թե ամեն ինչ կարվի մեր մասնակցությունը ապահովելու համար եւ վստահ չեմ դրանում: Բայց մեր պարտք է գնալ տեսնել, թե ինչ հնարավորություններ է առաջիկայում բացվում մեզ համար:
Քիչ հավանական է, որ ՄՕԿ-ի միջնորդությամբ ՖԻԼԱ-ն տեղափոխի անցկացման վայրը, բայց անկարելի ոչինչ չկա: Միգուցե լարվածությունը եւ իրավիճակը խորը ուսումնասիրելուց հետո ՄՕԿ-ը եւ ՖԻԼԱ-ն կարող են բացառության կարգով հայ մարզիկներին իրավունք տան մասնակցել այլ վարկանիշային մրցաշարերի կամ սպիտակ քարտեր տրամադրել Հայաստանին, ինչը հնարավարություն է տալիս մասնակցել օլիմպիական խաղերին:
-Պարոն Ստեփանյան, իսկ կարո՞ղ ենք զուգահեռ անցկացնել ֆուտբոլի հետ, որտեղ եւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրներ կան հանդիպումները անցկացնելու հետ:
-Միջազգային օրենքների համաձայն, մի շարք մարզաձեւերում Հայաստանի հանրապետության դրոշը պետք է կախված լինի մարզապալատում, որտեղ անցկացվում են մրցումները: Եթե մեր մարզիկներից մեկը գրավի առաջին տեղը, ապա մեր դրոշը պետք է բարձրացվի եւ հնչի Հայաստանի օրհներգը, իսկ մարզասերները պետք է ոտքի կանգնեն: Այս հարցը եւս պետք է դնենք Ադրբեջանի ներկայացուցիչների առջեւ, թե նրանք ինչպես են պատկերացնում այս ամենը: Ֆուտբոլում մի քիչ այլ խնդիր է եւ այն ավելի մեծ մարզադաշտում է անցկացվելու:
-Բաքուն 2016թ. օլիմպիական խաղերը անցկացնելու հայտ է ներկայացրել, որը շատերը լուրջ չեն ընդունում: Չե՞ք կարծում, որ եթե Ադրբեջանը հայ ըմբիշների մասնակցության համար չստեղծի բոլոր պայմանները, ապա օլիմիական խաղերի նրանց հայտը պարզապես հումորային կարգավիճակ կստանա:
-Նման հայտ ներկայացնելով, նրանք ցանկանում են աշխարհին ցույց տալ, թե իբր արդեն կարող են մնան բարձր կարգի միջոցառում անցկացնել: Ես առավել քան համոզված եմ, որ առաջիկա 50 տարիների ընթացքում Բաքուն օլիմպիական խաղեր չի անցկացնի, դրանից հետո ինչ կլինի, Աստված գիտի: Նրանք չունեն այն ներուժը, նման բարձր մակարդակի միջոցառում անցկացնելու համար:
Զրուցեց Արթուր Նազարյանը