Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈՂ ՀԱՂԹԻ ՈւԺԵՂԱԳՈւՅՆԸ»

Սպորտ

Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն «Փյունիկը» եւ «Արարատը»: Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում «Արարատը» Մարկոսի դիպուկ հարվածի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Փյունիկին»: Վերջինս այս խաղում դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ էր ունեցել, իսկ Սարգիս Հովսեփյանը նույնիսկ չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը:

Թեեւ, այժմ «Արարատը» առաջ է անցել հաշվի մեջ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կարծում է, որ ֆավորիտը շարունակում է մնալ մրցակիցը. «Ես չեմ ուզում թերագնահատել մեզ, բայց «Փյունիկը» ուժեղ թիմ է եւ այս խաղի ֆավորիտը, քանի որ հանդես է գալիս սեփական հարկի տակ»: Սուքիասյանը հայտնեց, որ կրկին բացակայում է թիմի գլխավոր ռմբարկու Նշան Էրզերումյանը, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո: Ամեն դեպքում «Արարատի» գլխավոր մարզիչը կարծում է, որ շատ հետաքրքիր խաղ կլինի. «Թող հաղթի ուժեղագույնը»:

Կիսաեզրափակիչի եւս մեկ հանդիպում կկայանա Ոսկեհատում, որտեղ «Միկան» կընդունի «Բանանցին»: Այստեղ եւս հյուրընկալվող թիմն առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով: Այդ մրցավեճում «Բանանցը» հաղթեց պատահականորեն, քանի որ «Միկան» ունենալով առավելություն խաղավերջում գնդակ ընդունեց սեփական դարպասը եւ պարտվեց: «Միկայի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունը կրկնակի կարեւոր է, քանի որ թիմը նախորդ առաջնությունում գրավել է 3-րդ հորիզոնականը, որը մասամբ է երաշխավորում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր:

Եթե գավաթի խաղարկությունում հաղթի «Արարատը», ապա «Միկան» հանդես կգա միայն Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում, իսկ «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել է 2006թ. առաջնությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: