Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃԸ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հանդիպումներին տրիբունաներից հետեւում են սակավաթիվ ֆուտբոլասերներ: Զարմանալի չէ նաեւ, որ հայտնի մտավորականները, արվեստագետները եւս չեն հաճախում մարզադաշտ, մինչդեռ խորհրդային ժամանակներում «Հրազդան» մարզադաշտում նրանց թիվը բավական մեծ էր: Բարձրագույն խմբի 3-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտում էր դերասան Միքայել Պողոսյանը, որը «Ա1+»-ի հետ զրուցեց բացառապես ֆուտբոլի մասին:

- Պարոն Պողոսյան, վերջին անգամ ե՞րբ էիք ֆուտբոլ դիտել մարզադաշտում:

-Վերջին անգամ «Հանրապետական» մարզադաշտում դիտել եմ Սարգիս Հովիվյանի խաղը (1960-ական թթ. – խմբ): Դե պատկերացրեք ինչ տարիքում եմ եղել: Մարզադաշտ հաճախելու նախաձեռնողը մեր ավագ ընկեր Ռոման Ակոպիչն էր եւ մեզ հետ է նաեւ Ջիվան Գասպարյանը, Լեւոն Մալխասյանը: Այսպես եկել ենք մարզադաշտ: Այսօր մենք փորձելու ենք քաջալերել «Միկային»: Ընդհանրապես ինձ համար կարեւոր չի, թե ով կհաղթի, երբ մի հայկական թիմ մրցում է մեկ այլ հայկական թիմի դեմ: Ինձ համար կարեւորը գեղեցիկ ֆուտբոլն է: Ֆուտբոլը բոլոր սպորտաձեւերից ամենանախընտրելին է ինձ համար եւ անկրկնելի մարզաձեւ: Ես ինքս ժամանակին փորձեր արել եմ այս մարզաձեւի մեջ: Այսօր ես եկել եմ իմ քաղաքում վերհիշեմ այն ավանդույթները, երբ հայկական ֆուտբոլը միջազգային մակարդակ ուներ: Դժբախտաբար չես հասկանում մեր ներկայիս ֆուտբոլի պրոբլեմն ինչումն է: Տարօրինակ երեւույթ է. երիտասարդները, մեր ֆուտբոլիստները, հասնում են մի մակարդակի, իսկ երբ մեծանում են` ֆուտբոլը վերջանում է: Բայց մեր երիտասարդական ֆուտբոլը իրոք մեծ նվաճումներ ունի: Խնդիրը հենց այս անցման շրջանի մեջ է: Ես ուղղակի երազում եմ, որ մի գեղեցիկ օր տեսնեմ հայկական ֆուտբոլի հաջողությունները թե այս մարզադաշտում, թե «Հրազդանում»: Ֆուտբոլը դա ոտքի խնդիր չէ, դա մտքի խնդիր է: Կա ինտելեկտ հասկացություն, որն ամեն մի սպորտսմեն իր մեջ պետք է կրի: Այ դրա խնդիրը մենք ունենք: Մտածողության խնդիր կա այսօր, ոչ թե ոտքի, մկանի կամ ուժգնության խնդիր: Ես բոլորիս մաղքում եմ, որ մեր ֆուտբոլի ապագան լինի շատ մեծ:

-Իսկ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին հետեւո՞ւմ եք:

-Գիտեք, եթե մեր այս ակումբները ունեն խնդիր, ազգայինը կունենա ու կունենա: Համենայնդեպս փորձում եմ չնայել այդ խաղերը, որպեսզի վրդովմունքս չմեծանա, որովհետեւ ազգային թիմի պարտությունը դա բոլորիս պարտությունն է:

-Հայաստանի հավաքականի խաղերին չհետեւող ֆուտբոլասերները, այդ թվում մի շարք արվեստագետներ, անհամբեր սպասում են Ադրբեջանի հետ կայանալիք հանդիպումներին: Դուք պատկանո՞ւմ ենք նրանց շարքին:

-Անկեղծ ասած, լավ կլիներ այդ խաղը տեղի չունենար: Դա արդեն, ոչ թե սպորտային մրցույթ է, այլ քաղաքական ինչ-որ մտայնություն: Չեմ կարծում, որ սպորտը հաղթահարի այդ ամեն ինչի մեջ: Դժբախտաբար այդ խաղում կլինի ամեն ինչ բացի սպորտից: Մի ժամանակ ես հիշում եմ «Նեւֆթչիի» եւ «Արարատի» խաղերը, որ մենք գնում էինք: Բնականաբար այդ մրցակցությունը կար, բայց դա բարեկամական ինչ-որ վերաբերմունք էր նաեւ:

-Կարծում եմ համաշխարհային ֆուտբոլում կան թիմեր, որոնց երկրպագում եք:

Բնականաբար: Ես ֆուտբոլամեծար եմ:

-Իսկ կոնկրետ ո՞ր թիմի համար եք ցավում:

-Ինձ գերադասելի է իսպանական ֆուտբոլը: Մի շրջան կար, որ Մադրիդի «Ռեալն» էր արվեստի մակարդակի բարձրացել: Հետո «Բարսելոնան» դարձավ իմ սիրելի թիմը: Ընդհանրապես թե արվեստում, թե ֆուտբոլի մեջ անհատներն են, որ իրենց հետեւից տանում են ամբողջ թիմը: Կարող են լինել բարձր կարգ ունեցող արվեստագետներ, նկատի ունեմ կոլեկտիվ արվետը` թատրոնը հատկապես, բայց անպայման պետք են առաջատարներ, որոնց վրա պետք է հիմնվի մարզիչը կամ ռեժիսորը: Այդ լիդերների պակաս կա մեր կյանքում:

-Եթե «Բարսելոնան» Ձեր սիրելի թիմն է, ապա հավանավար Ռոնալդինյոն էլ Ձեր համակրած խաղացողը կլինի, քանի որ հենց նա է թիմի ընդգծված առաջատար:

-Այո, նա բարձր մտածողության տեր, աստվածատուր մի մարզիկ է: Նրա մեջ կան մեխանիզմներ, որը չի կարողանում մեկնաբանել, թե ինքը, թե մամուլը: Նրա մեջ արդեն բնազդն է խոսում: Արվետսի մակարդակի հասնող մարզիկ է:

-Աշխարհի առաջնություններում «Բարսելոնա» չկա, քանի որ մասնակցում են միայն ազգային հավաքականնեը: Այդ ժամանակ ո՞ւմ եք երկրպագում:

-Բրազիլիան ինձ համար կլասիկա է, որը միշտ անկանխատեսելի խաղ է ցուցադրում: Բրազիլիային ուղղակի տրված է այս մարզաձեւը: Յուրաքանչյուր տղա կարծեք այնտեղ արդեն ծնվում է որպես ֆուտբոլիստ եւ մտածողության մեջ ֆուտբոլը արմատացած է: Բրազիլացիներն են, իտալացիներն են, որոնց ես համակրում եմ եւ անհատ ֆուտբոլիստներ, որոնք մեզ բոլորիս զարմացնում են, հրաշքներ են պարգեւում:

-Ձեր մարզադաշտ հաճախելը այսուհետեւ շարունակական բնույթ կկրի՞, թե սա վերջին հանդիպումն է լինելու:

Ես անհամբեր մարդ եմ: Ես եկել եմ այսօր գոլ տեսնեմ: Դեռ շատ պասիվ եւ միանշանակ է ընթանում: Պետք է ոգեւորվեմ, որ հետո էլի ուզեմ գալ այստեղ:

Զրուցեց Արթուր Նազարյանը