Հայկ Բաբուխանյանն առաջարկում է վարչական բեռն ավելացնել (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին խիստ անհանգստացրել է գիշերը ժամը երեքին Բաղրամյան պողոտայի վրա մի խումբ երիտասարդի պարը՝ ավտոմեքենայից հնչող բարձր երաժշտության տակ: Սա առիթ է հանդիսացել, որպեսզի պատգամավորը «Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնի՝ սահմանելու տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Կառավարությունը դեմ է նրա այս եւ մյուս առաջարկներին: «Մի քանի վիճակագրական տվյալ բերեմ՝ գիշերային ժամերին ձեր ասած այդ նույն արարքը 2016թ. եղել է 149, իսկ 2017թ.՝ 92 դեպք: Այսինքն, դինամիկայի մեջ մենք չունենք այնպիսի վտանգ, որ շատ հրատապ խնդիր է»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Կառավարությունը դեմ էր նաեւ պատգամավորի այն առաջարկին, որով զույգ համարանիշների դեպքում առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը տուգանվում էր նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: «Իսկ եթե մոտոցիկլիստն է կորցնում իր միակ համարանիշը, հիմա դիտել դա մե՞կ, թե երկու համարանիշ: Այսպիսի կազուսներ կարող են լինել»,- նկատեց Վարդան Եղիազարյանը: Հայկ Բաբուխանյանը միաժամանակ առաջարկում է հնգապատիկից տասնապատիկ`10 000 դրամ դարձնել տրասնպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափը` հատուկ շեշտելով ծխախոտը նետելու հանգամանքը: «Թե գործող օրենսգիրքը, թե «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգիրքը վարչական պատասխանատվություն են սահմանում ոչ միայն վարորդի, այլեւ ուղեւորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր կամ առարկաներ նետելու համար: Այս առումով հիմնավորված չէ վարորդի նկատմամբ առավել մեծ չափով տուգանքի սահմանումը»,- վստահեցրեց Վարդան Եղիազարյանը: «Մեքենայով գնում ես, տեսնում ես մեքենայից ինչ ասես դուրս է գալիս: Մեր քաղաքն էլ ափսոս է, էլի, մեր երկիրը ափսոս է, որ այսպես աղտոտում ենք»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Տաքսի է նստում մարդը, տաքսուց ուղեւորը բան է գցում լուսամուտից, վարորդն ի՞նչ մեղք ունի»,- նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Վարդան Եղիազարյանը հայտարարեց, որ Գործադիր մարմինն ընդհանրապես դեմ է օրենսդրական որեւէ փոփոխության, քանի որ դրանք բերելու են վարչական բեռի ավելացման: Պատգամավորները դեմ քվեարկեցին այս առաջարկին։ Իսկ Հայկ Բաբուխանյանի ներկայացրած նախագծի քվեարկությունը երկու ամսով հետաձգվեց՝ լրամշակելու նպատակով: