Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՎԻԶԱ ՉՏՎԵՑԻՆ

Սպորտ

Հոկեյի Հայաստանի հավաքականը այսօրվանից Իռլանդիայում պետք է մասնակցեր աշխարհի առաջնության C խմբի հանդիպումներին, սակայն մեր մարզիկներին Մոսկվայում գտնվող դեսպանատունը չի տվել մուտքի վիզա եւ չի թույլատրել ժամանել մրցավայր:

Հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանն այս ամենը որակեց խայտառակություն եւ ավելացրեց. «Նրանք դիտավորյալ մեզ չտրամադրեցին վիզա, եւ կարծում եմ պայմանավորվել էին Իռլանդիայի հավաքականի հետ: Հայաստանը ավելի ուժեղ էր Իռլանդիայից եւ նրան կարող էր նույնիսկ 2-րդ կազմով հաղթել: Իռլանդացիները մեզ վիզա չտալով զգալիորեն հեշտացրեցին հաջորդ փուլ դուրս գալու իրենց խնդիրը»:

Կարեն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ դեսպանատունը վիզա չտրամադրելու համար անլուրջ պատճառաբանություն է ներկայացրել. «Նրանք ասում էին, որ Հայաստանը աղքատ երկիր է եւ նրա հոկեյիստները ժամանելով Իռլանդիա, այլեւս չեն վերադառնա հայրենիք: Մինչդեռ մեր հոկեյիստները շատ ավելի լավ երկրներում են եղել եւ նման բան երբեւէ չի եղել»:

Այժմ Հոկեյի միջազգային ֆեդերացիան ուսումնասիրում է կատարվածը եւ բացառված չէ, որ Իռլանդիան լուրջ պատժամիջոցների ենթարկվի, Հայաստանի մասնակցությունը չապահովելու համար: