Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՑՈւՅՑ ՏՎԵՑ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ

Սպորտ

Հանգստյան օրերին կայացավ հրաձգության Հայաստանի 2007թ. առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Վանաձորի մարզիկ-մարզուհիները:

Օդամղիչ ատրճանակով 10 մետր տարածությունում կատարած 60 կրակոցներով լավ արդյունք ցույց տվեց Նորայր Բախտամյանը, որը հավաքեց 591 միավոր: 575 միավորով երկրորդ տեղը գրավեց Ռոմիկ Վարդումյանը, իսկ լավագույն եռյակը 566 միավորով եզրափակեց Նորայր Առաքելյանը, որը ներկայացնում էր ոստիկանական զորքերը:

Օդամղիչ հրացանով 10 մետր տարածությունում հաջող հանդես եկան օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն, ներկայումս հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանի որդիները` Վահեն եւ Ռաֆայելը: Վահեն 582 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, իսկ Ռաֆայելը 566 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: 573 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Բենիամին Բուչախչյանը:

Կանայք օդամղիչ հրացանով կատարեցին 40 կրակոց: Լավագույնը 395 միավոր վաստակած Անի Առաքելյանն էր, որին հաջորդեց Իրինա Աղաջանյանը 388 միավորով: Օդամղիչ ատրճանակով չեմպիոնի կոչումը նվաճեց Նորա Նիկողոսյանը` 377 միավորով:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրանցված արդյունքներից գոհ է. «Շատ լավ արդյունք ցույց տվեց Նորայր Բախտամյանը, որը կրկնեց Հայաստանի նախկին ռեկորդը»:

Մայիսի 3-12-ը Նորայր Բախտամյանը եւ Ռոբերտ Ոսկանյանը Բանկոկում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Նորայր Բախտամյանն արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիր, իսկ Ռոբերտ Ոսկանյանը կփորձի դա անել Բանկոկում: