ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՏ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության առաջին տուրում կայացած «Փյունիկ»-«Ուլիս» (5:0) խաղում գրանցված արդյունքը մտորելու առիթ տվեց շատերին, քանի որ արդեն առաջին իսկ տուրում ակնհայտ դարձավ, որ առաջնությունում դեռ շատ են լինելու ոչ ֆուտբոլային հաշիվները:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը խոստովանեց, որ չէր սպասում նման հեշտ հաղթանակի: Միաժամանակ չեմպիոնի մարզիչը գտնում է, որ «Ուլիսից» այսօր ավելին չի կարելի սպասել. «Թիմը ընդամենը 1.5 ամիս է սկսել նախապատրաստվել եւ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ֆիզիկապես լավ մարզավիճակ ձեռք բերել»:
Մեկնաբանելով առաջին տուրում «Գանձասար»-«Արարատ» (1:0) եւ «Շիրակ»-«Բանանց» (0:0) հանդիպումներում գրանցված անսպասելի արդյունքները Սամվել Պետրոսյանն ասաց. «Կապանում խաղալը դժվար է, քանի որ երկար ճանապարհից հետո վերականգնվելու ժամանակ չի մնում: Իսկ «Շիրակը» վերածնվել է եւ գրեթե նոր թիմ է ստեղծել եւ Գյումրիում միավորներ վաստակելը շատ բարդ կլինի»:
«Փյունիկ»-«Ուլիս» խաղում չեմպիոնի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց դարպասապահ Խորկինը, որի խաղը, սակայն չէր գոհացրել մարզչին. «Նա գրեթե աշխատանք չուներ խաղադաշտում: Խորկինը պետք է խաղի մեջ մտներ մի դրվագում եւ արդյունքում 11 մետրանոց բերեց թիմի դարպասին»: