ՔԱՆԴՎՈւՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԱԿՈւՄԲ
Աջակցիր «Ա1+»-ին2006թ. տարեվերջին Հայաստանում ստեղծվեց նոր ֆուտբոլային ակումբ, որը կոչվեց «Բենտոնիտ»: Ակումբը ներկայացնում էր Իջեւանը եւ ստեղծվել էր Բելառուսում բիզնեսով զբաղվող հայերի կողմից: «Բենտոնիտի» ստեղծումը ուրախալի լուր էր հայական ֆուտբոլի համար, քանի որ Իջեւանը եւս կունենար իր թիմը Հայաստանի առաջնություններում: Բացի այդ, Հայաստանում ակումբների թիվը բավական քիչ է:
Թիմում հանդես եկող խաղացողների 95%-ը օտարերկրացիներ էին, թեեւ ոչ բարձր կարգ ունեց ֆուտբոլիստներ, իսկ գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր գերմանացի դարպասապահ Լուտց Պֆանենստիլը, որն օրերս հրաժարական է տվել եւ լքել Հայաստանը: Հենց գլխավոր մարզչի հեռանալուց հետո էլ սկսվել է ակումբի կործանման գործընթացը:
Օտարերկրացի մարզիկներից շատերը արդեն լքել են թիմը, իսկ մնացածները պատրաստվում են հետեւել իրենց խաղընկերների օրինակին: «Բենտոնիտին» մոտ կագնած մեր աղբյուրը հայտնեց, որ թիմում ֆինանսական լուրջ խնդիրներ կան, որն էլ հանդիսացել է Իջեւանի թիմի փլուզման պատճառը. «Անլրջություն նկատվում էր դեռեւս հունվարից, սակայն տղաները հույս ունեին որ ինչ-որ բան կփոխվի, սակայն երբ համոզվեցին, որ «Բենտոնիտը» անլուրջ ակումբ է` հեռացան»:
Ի դեպ, իր կարճ գոյության ընթացքում «Բենտոնիտը» հասցրեց մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկությանը, որի 1/8-րդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Կապանի «Գանձասարին», իսկ հաջորդ փուլում խոշոր հաշվով պարտություններ կրեց «Փյունիկից»:
Հիշեցնենք, որ այս տարի լուծարվեց նաեւ «Երեւան Յունայթեդ» ակումբը, որը ֆինանսավորում էր ավստրալահայ Տիգրան Հովիվյանը: