«ՓՅՈՒՆԻԿԸ» ՋԱԽՋԱԽՈՒՄ Է «ՈՒԼԻՍԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնությունը, որի մեկնարկային տուրում կայացավ 4 հանդիպում, որոնցից 2-ում անակնկալ արդյունքներ գրանցվեցին:
«Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» հյուրընկալել էր նախորդ առաջնության ետնապահ «Ուլիսին»: Ինչպես եւ սպասվում էր չեմպիոն «Փյունիկը» մեծ առավելություն ուներ եւ հաղթեց խոշոր՝ 5:0 հաշվով:
Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Փյունիկի» ռմբարկու Արսեն Ավետիսյանը: 57-րդ եւ 62-րդ րոպեներին աչքի ընկավ Ալեքսանդր Պետրոսյանը, որը երկու անգամ էլ դարպասը գրավեց «Ուլիսի» պաշտպանների անփույթ խաղի արդյունքում:
Խաղավարտին 2 գեղեցիկ գոլերի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը 84-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 4:0, իսկ 86-րդ րոպեին մկրատ տեսակի հարվածով վերջակետ դրեց այս հանդիպմանը: «Ուլիսը» այս խաղում դարպասը գրավելու ամենալավ հնարավորությունն ունեցավ 73-րդ րոպեին, երբ մրցավարը 11 մետրանոց տուգանային հարված էր նշանակել «Փյունիկի» դարպասին, սակայն Վահրամ Լոբյանը չկարողացավ այն իրացնել անվրեպ:
Առաջին տուրի ամենամեծ անակնկալը գրանցվեց Կապանում, որտեղ տեղի «Գանձասարը» 1:0 հաշվով պարտության մատնեց «Արարատին»: Դաշտի տերերին հաղթանակ պարգեւեց Արթուր Քոչարյանը:
Անսպասելի արդյունք գրանցվեց նաեւ Գյումրիում կայացած «Շիրակ»-«Բանանց» մրցավեճում, որտեղ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» 1:2 հաշվով զիջել է «Միկային»: Վերջինիս կազմում 2 գնդակ է խփել Ակլեյսոնը: