Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՍՊԱՍՈւՄՈՎ

Սպորտ

Վաղը մեկնարկելիք ֆուտբոլի Հայաստանի առաջնությունից սպասելիքները մեծ են: Մասնագետների կարծիքով այս տարվա առաջնությունում ավելի լուրջ պայքար է ծավալվելու մրցանակային տեղերի համար, քանի որ բոլոր թիմերն էլ համալրում են ստացել:

«Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի կարծիքով մեդալներին ռեալ հավակնում են «Բանանցը», «Փյունիկը», «Միկան» եւ «Արարատ». «Եթե հավատանք նախնական լուրերին, ապա այս տարի ավելի դիտարժան պայքարում է ընթանալու առաջնություն եւ մեկ քայլ առաջ ենք գնալու»:

Նույն կարծիքը հայտնեց նաեւ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը. «Ավելի դիտարժան խաղեր են լինելու եւ բոլոր թիմերին էլ շատ դժվար պայքար է սպասվում»: Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանը հույս ունի, որ վաղը «Բանանցի» հետ խաղում իր սաները հաջող հանդես կգան.«Պայքարելու ենք հաղթանակի համար, թեեւ «Բանանցը» շատ ուժեղ մրցակից է: Այս առաջնությունում մեր առջեւ կոնկրետ խնդիր դրված չէ, սակայն ակումբի նախագահը ցանկանում է, որ ստեղծենք կուռ եւ մարտական թիմ, որը հետագայում հաջողություններ կունենա»:

«Կիլիկիայի» երիտասարդ գլխավոր մարզիչ Սերգեյ Աղաբաբյանը հայտնեց, որ այս տարի ամբողջությամբ փոխվել է ակումբի քաղաքականությանը. «Առաջին հերթին փորձելու ենք պահպանել մեր տեղը բարձրագույն խմբում եւ ստեղծել մարտունակ կոլեկտիվ: Կատարելու ենք նաեւ սելեկցիոն մեծ ծավալի աշխատանք»: Առաջնության մեկնարկից առաջ գրեթե ակնկալիքներ չունի Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը. «Սպասելիքները այնքան էլ մեծ չեն:

Չնայած «Փյունիկի», «Կիլիկիայի», «Շիրակը» մնացած թիմերը համալրված են օտարերկրացի ֆուտբոլիստներով եւ կարծիքներ են հնչում, իբր համառ պայքար է սպասվում, սակայն ինձ թվում է այս առաջնությունը ոչնչով չի տարբերվի նախորդից»: