Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 ԸՆԴԳԾՎԱԾ ՖԱՎՈՐԻՏՆԵՐ

Սպորտ

Վաղը` ապրիլի 14-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնությունը, որը թվով 16-րդն է անկախացած Հայաստանի պատմության ընթացքում:

Այս տարվա առաջնության կազմը ոչնչով չի տարբերվում 2006թ.-ից, քանի որ կրկին պայքարի մեջ են մտնելու «Փյունիկի», «Բանանցը», «Միկան», «Արարատը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Ուլիսը» եւ «Շիրակը»:

Գավաթի հանդիպումները ցույց տվեցին, որ չեմպիոնության համար պայքարը կրկին ընթանալու է «Փյունիկի», «Բանանցը», «Միկայի» եւ «Արարատի» միջեւ: Այս թիմերը իրենց կազմերով եւ ենթակառույցվածքներով զգալիորեն գերազանցում են մյուս 4 ակումբներին, որը չի կարող չանդրադառնալ նաեւ արդյունքների վրա: Վաղը կայանալու են հետեւյալ 4 հանդիպումները.

«Փյունիկ» - «Ուլիս» Երեւան, Հանրապետական մարզադաշտ

Չեմպիոնը այս խաղի բացահայտ ֆավորիտն է եւ ամենայն հավանականությամբ առաջին միավորները կվաստակի: «Փյունիկի» կազմը առաջնության մեկնարկից առաջ համալրել է նաեւ ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը եւ ավելի ոժեղացրել թիմի պաշտպանությունը: «Ուլիսը» եւս լուրջ համալրում է ստացել, սակայն առայժ չի կարողանում օգտագործել իր ողջ պոտենցիալը: Միգուցե դրա պատճառը այն է, որ ակումբը բավական ուշացումով սկսեց նախապատրաստվել մրցաշրջանին:

«Շիրակ» - «Բանանց» Գյումրի, քաղաքային մարզադաշտ

Այս խաղի ֆավորիտը հյուրերն են, սակայն «Շիրակը» սեփական հարկի տակ որպես կանոն հաջող է հանդես գալիս: Նույնիսկ գտնվելով խորը ճգնաժամի մեջ` այս ակումբը նախորդ տարիներին Գյումրիում կարողանում էր միավորներ խլել առաջատարներից: Իսկ այժմ «Շիրակը» հաղթահարել է դժվարությունները, եւ թիմի կազմ են վերադարձել մի շարք փորձառու ֆուտբոլիստներ: Իր հերթին «Բանանցը» առաջանությունում առաջին հանդիպումը կանցկացնի չեխ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ:

«Կիլիկիա» - «Միկա» Երեւան, «Հրազդան» մարզադաշտ

Այստեղ եւս ֆավորիտը հյուրերն են: «Կիլիկիայում» ընդգրկված են բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը 19-20 տարեկան են: Իսկ «Միկայում» հանդես են գալիս մեծ թվով փորձառու խաղացողներ, այդ թվում Հայաստանի 2006թ. լավագույն ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը:

«Գանձասար» - «Արարատ» Կապան, քաղաքային մարզադաշտ

Թերեւս սա միակ հանդիպումն է, որտեղ կողմերի հնարավորությունները գրեթե հավասար են: «Արարատը» իր կազմով անկասկած ավելի ուժեղ է, սակայն Կապանում «Գանձասարը» մեծ առավելություն է ստանումշնորհիվ լեփ լեցուն տրիբունաների: «Գանձասարը» միակ ակումբն է բարձրագույն խմբում, որը սեփական հարկի տակ հանդիպումներում մեծ աջակցություն է ստանում ֆուտբոլասերների կողմից:

Ավելացնենք, որ բոլոր հանդիպումներ էլ սկսվելու են 16:00-ին: