ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ 50%-ՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն տեղեկացրել էինք, որ ձյուդոյի Հայաստանի հավաքականը Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում արժանացել էր մեկ արծաթե մեդալի, որը 60կգ քաշային կարգում նվաճել էր Հովհաննես Դավթյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սպասելիքները արդարացան 50%-ով. «Մենք հույս ունեինք, որ մեդալ կնվաճի նաեւ 66կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը»: Հրազդանցի այս մարզիկը Եվրոպայի նախորդ առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն, իսկ 2005թ. դարձել էր հին աշխարհամասի չեմպիոն:
Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով Նազարյանը անհաջողության մատնեց քաշային կարգը փոխելու պատճառով. «Նախկինում նա հանդես էր գալիս 60 կգ քաշային կարգում, իսկ այժմ ելույթ է ունենում 66 կգ-ում: Դեռ չի հասցրել հարմարվել այս քաշային կարգին»:
Խոսելով միակ մրցանակակիր Հովհաննես Դավթյանի մասին Գագիկ Աղամալյանն ընդգծեց, որ եզրափակիչում հայ մարզիկը կարող էր եւ հաղթել, եթե հոգեբանորեն մի փոքր ավելի վստահ լիներ:
Աղամալյանը տեղեկացրեց նաեւ, որ 52կգ Անուշ Հակոբյանը եւ 81կգ Արմեն Իսպիրյանը պայքարից դուրս են մնացել առաջին գոտեմարտից հետո. «Նրանց համար սա առաջին ելույթն էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում»: