ՁԵՎԱԿԱՆ ԿԱՄ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կկայանա քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Թեեւ գավաթի համար պայքարում մնացել են Հայաստանի լավագույն 8 թիմերը, սակայն այսօր կայանալիք հանդիպումները գրեթե ձեւական բնույթ են կրում, քանի որ առաջին հանդիպումներում ֆավորիտները գործնականում ապահովել են հաջորդ փուլի ուղեգիր:
Օրինակ` ի՞նչ կարելի է սպասել «Բենտոնիտ» - «Փյունիկ» հանդիպումից, որի առաջին մրցավեճում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր խոշոր 4:0 հաշվով: Նույնը կարելի է ասել «Հրազդան» մարզադաշտում կայանալիք «Կիլիկիա»-«Բանանց» մրցավեճի մասին: Այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում «Բանանցը» ջաջախել էր մրցակցին 5:1 հաշվով եւ այսօրվա խաղում կարող է խաղադաշտ դուրս գալ արդեն փոխարինողների կազմով:
Գյումրիում «Շիրակը» հյուրընկալելու է «Միկային»: Վերջինս 2006թ. Հայաստանի գավաթակիրն է եւ շատ մոտ է կիսաեզրափակիչի ուղեգրին, քանի որ առաջին խաղում հաղթել է 4:1 հաշվով: Հաջորդ փուլ դուրս գալու հիանալի հնարավորություն ունի «Արարատը», որը այսօր հանդիպելու է «Ուլիսին»: Արարատցիները առաջին խաղում 2 անպատասխան գնդակ էին ուղարկել «Ուլիսի» դարպասը:
Գավաթային այս հանդիպումները փաստում են, որ շուտով մեկնարկելիք Հայաստանի առաջնությունում պայքարը դարձյալ ծավալվելու է «Փյունիկի», «Միկայի», «Բանանցի» եւ «Արարատի» միջեւ, իսկ մյուս թիմերը ժամանակ առ ժամանակ որոշակի միավորներ խլեն այս թիմերից, սակայն լրջորեն անհանգստացնել նրանց չեն կարող: Այսպես էր նաեւ 2006թ. եւ բոլոր նախադրյալները կան, որպեսզի այս տարի եւ ականատես լինենք նույն սցենարին: