ԳԱԲՐԻԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինԴրեզդենում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ արդեն ավարտվել են 6-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն իր առաջին հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Բորիս Եսենին: Մինչ այս խաղացած 5 տուրերում Սարգսյանը միայն ոչ-ոքիներ էր խաղացել:
Հաղթանակներ են տոնել նաեւ Կարեն Ասրյանը եւ Աշոտ Անաստասյանը: 6-րդ տուրը մեր մյուս մասնակիցների համար այնքան էլ հաջող չէր: Պարտություններ կրեցին Ռաֆայել Վահանյանը, Զավեն Անդրեասյանը, իսկ Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակել են կեսական միավոր: Մինասյանը, Վահանյանը, Փաշիկյանը եւ Պետրոսյանը 4-ական միավորով ընթանում են 39-68-րդ տեղերում, իսկ մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են միանգամից 5 շախմատիստներ:
Կանանց պայքարում հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, որը այս տուրում հաղթեց եւ 4.5 միավորով ընթանում է 12-րդ տեղում: