ԻՆՉՈ՞ւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային հասարակությունը լավատեսորեն էր տրամադրված երեկ երեկոյան կայացած Լեհաստան - Հայաստան հանդիպումից առաջ, սակայն սպասելիքները չարդարացան. հայ ֆուտբոլիստները կրկին պարտվեցին եւ կրկին չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Հայաստանի հավաքականը նույնիսկ չկարողացավ ռեալ գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ` խորը հիասթափության մեջ գցելով հայ ֆուտբոլասերներին: 6-րդ անընդմեջ պաշտոնական խաղում Հայաստանը չի կարողանում գոլ խփել:
Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պարտվեց: Այս հարցը հանդիպումից հետո ուղղեցինք ֆուտբոլային մասնգետներին: «Որովհետեւ առանց դարպասին հարվածելու հաջողություն չի լինում: Շատ նյարդայանցող հանդիպում էր: Խաղադաշտում ֆուտբոլ էր խաղում մեկ հոգի` Ռոման Բերեզովսկին», - նշեց ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
«Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի կարծիքով, զգացնել տվեց այն, որ մեր ֆուտբոլիստներից շատերը խաղային պրակտիկա չունեին. «Նախապատրաստական շրջանում հավաքականի ֆուտբոլիստներից շատերը խաղային պրակտիայից զրկված էին եղել, քանի որ մրցաշրջանը նոր է սկսվում: Ցանկալի էր, որ կիսապաշտպանությունը ավելի մոբիլ լիներ: Պաշտպանության կենտրոնում սխալներ եղան: Բայց սա ոչինչ չի նշանակում, քանի որ մրցաշրջանը դեռ նոր է սկսվել»:
Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես է եկել 2000-01թթ., գտնում է, որ ազգային թիմի անհաջողության հիմնական պատճառը եզրերում հանդես եկող մեր խաղացողների թույլ խաղն էր. «Եթե նկատեցիք մրցակիցը 10-15 անգամ եզրերից փոխանցումներ կատարեց դեպի մեր տուգանային: Դա նշանակաում է, որ բացակայում էր խաղային կարգապահությունը: Խաղային օղակների համագործակցություն չկար: Իրեն չարդարացրեց ձախ կիսապաշտպան Արտավազդ Քարամյանի փոխարինումը Սամվել Մելքոնյանով: Ավելի ճիշտ կլիներ, եթե Մելքոնյանը հանդես գար աջ թեւում»:
Հայաստանի հավաքականի նախկին մեկ այլ մարզիչ Անդրանիկ Ադամյանն էլ նշեց, որ մի փոքր վստահ ելույթ ունենալու դեպքում Հայաստանը կարող էր հաջողության հասնել. «Շատ վախեցած եւ անվստահ ֆուտբոլ խաղացին: Հանդիպումը ցույց տվեց, որ Լեհաստանը առանձնապես հզոր մրցակցի չէր եւ վստահության դեպքում ավելի լավ արդյունք կլիներ»: