ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն. կողմ քվեարկեց միայն կոալիցիան (տեսանյութ)
ԱԺ նիստն այսօր տեւեց մոտ կես ժամ. խորհրդարանը միայն քվեարկեց նախորդ օրը քննարկած նախագծերը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ սկզբում կքվեարկեն «Սահմանամերձ համայնքների աջակցություն ցույց տալու մասին» օրենքի նախագիծը՝ 2-րդ ընթերցմամբ, ապա՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը: «Սահմանամերձ համայնքների աջակցություն ցույց տալու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց միաձայն՝ 98 կողմ: Ի դեպ, Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել են իրենց դիրքորոշումները քվեարկվող նախագծերի վերաբերյալ. Սամվել Ֆարմանյանը կողմ է բոլոր նախագծերին, իսկ Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումը տարբեր նախագծերի դեպքում տարբեր է եւ յուրաքանչյուր քվարկությունից առաջ կհայտարարվի, թե որ նախագծին պատգամավորն ինչպես է քվեարկում: ԱԺ-ում են ՀՀ վարչապետը եւ Կառավարության մյուս անդամները: 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխոխսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Քանի որ նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը ու իրենց տեսակետները տարբերվում են, ինչպես նաեւ՝ լուրջ հիմքեր չեն ձեւավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլեւ տնտեսական զարգացման համար, ավելին՝ կրթական, սոցիալական ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ, արդար, մրցակցային հարաբերություններ ձեւավորվելու համար չկան պայմաններ, մենք չենք կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական դիրքորոշումը եւ բնականաբար, «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին»: Նախագիծը ընդունվեց 64 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Կողմ էր միայն իշխանական կոալիցիան: Քվեարկությունից հետո ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները սկսեցին միմյանց շնորհավորել ու ծափ տալ: «Եթե Կառավարությունն ուզում է, կարող է գնալ»,- շշուկով դիմելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին՝ հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Չէ, չէ, չէ...»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: