ԳԱԲՐԻԵԼԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԷՐ, ՈՐ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, նախքան Ռուի Լոպեսի մրցաշարին մասնակցելու նպատակով Իսպանիա մեկնելը համոզված է եղել, որ հաջողության է հասնելու:
«Ասում էր, գնում եմ հաղթելու համար: Վստահ էր իր ուժերին: Ընդհանրապես նա օպտիմիստ է»,- մեզ հետ զրույցում նշեց շախմատիստի քույրը` Սոնա Սարգսյանը: Գաբրիելը մրցաշարի ավարտից հետո ուղեւորվել է Բեռլին, որտեղ կբնակվի իր մտերիմ ընկեր Լեւոն Արոնյանի բնակարանում եւ կնախապատրաստվի ապրիլի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Մրցաշարի ընթացքում Սարգսյանը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ եւ նշել, որ բավական բարդ մրցաշարի է մասնակցում: «Շատ էր հոգնել», - ընդգծեց Գաբրիելի քույրը:
Մեր այն հարցին, թե ե՞րբ համոզվեցին, որ Գաբրիելը հաղթելու է մրցաշարում, Սոնան պատասխանեց. «Պոնոմարյովի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Արդեն երկու տուր էր մնացել մրցաշարի ավարտին եւ այդ պարտիաներում, եթե նույնիսկ 2 ոչ-ոքի խաղար, ապա արդեն կբաժաներ առաջին տեղը, սակայն 2-ում էլ հաղթեց»:
Սարգսյանների ընտանիքում արդեն սովորական են նման հաջողությունները, թեեւ Սոնա Սարգսյանի հավաստմամբ Գաբրիելի ցանկացած հաջողություն մեծ ոգեւորություն է առաջացնում. «Օլիմպիադայից ավելի բարձր հաղթանակ, թերեւս աշխարհի չեմպիոնի կոչումն է: Այս մրցաշարում նրա գործակիցը բավական բարձրացավ, որը շատ կարեւոր եւ ուրախալի փաստ է մեզ համար»: