Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. ծեծի է ենթարկվել քաղաքապետի թեկնածուն
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Ընտրվելու են Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութաիսիի քաղաքապետեր, ինչպես նաև՝ ավագանու անդամներ։ Ինչպես հայտնում է Ալիք մեդիան ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 5 դաշինք։ Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից: Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը: Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է: Իշխող թիմում վերոնշյալ մեղադրանքները հերքում են: «Վրացական երազանք»-ից հայտարարել են, թե «Միացյալ ազգային շարժումը» սադրում է: