ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց ֆուտբոլը Հայաստանում բավականին խորթ երեւույթ է, թեեւ հայ աղջիկները սիրում են այս մարզաձեւը, սակայն նրանցից քչերն են համարձակվում հաճախել ֆուտբոլային մարզադպրոցներ: Իսկ ահա արտասահմանում կանանց ֆուտբոլը արդեն մեծ մասսայականություն է վայելում եւ ժամանակի ընթացքում կարող է հավասարվել տղամարդկանց: Ներկայացնում ենք հարցազրույց Կանանց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Միքայելյանի հետ:
- Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանում կանանց ֆուտբոլին:
-90-ականներին ավելի շատ էին ակումբները, քան այժմ: 2002-03թթ. կար 3-4 ակումբ, իսկ այժմ կա ընդամենը 3 թիմ: Մասսայականություն չի նկատվում, եւ միայն մի քանի նվիրյալների շնորհիվ է պահպանվում կանանց ֆուտբոլը: Այսօր դժվարություններ շատ կան, բայց ինձ թվում է լավ ապագա է սպասվում, քանի որ մեր աղջիկները արդեն հաղթանակներ ունեն միջազգային ասպարեզներում: -
-Նշեցիք, որ ընդամենը 3 ակումբ է գործում: Իսկ ի՞նչ վիճակում են այդ ակումբները եւ որքան խաղացող ունեն: -
-«Քոլեջ» ակումբում մարզվում են 30 աղջիկներ, «Բանանցում»` 25, իսկ «Ֆուրմանում»`15: Սա անչափ քիչ է: Ցանկալի կլիներ, որ ավելի շատ աղջիկներ հավաքագրեինք: Դրա համար նաեւ նյութատեխնիկական բազա է հարկավոր, մարզիչների կարիք կա: Բացի այդ մեր մենթալիտետը խանգարում է, որպեսզի ծնողները թողնեն իրենց աղջիկներին զբաղվել ֆուտբոլով: Նշված ակումբներից ազգային հավաքականի թեկնածուներ կան հիմնականում «Քոլեջ» թիմում: Մարտի 7-ին անցկացրեցինք մրցաշար, որտեղ հենց «Քոլեջ-1» եւ «Քոլեջ-2» թիմերը հաղթեցին մեծ առավելությամբ: -
-Մենթալիտետը խանգարում է միայն նրան, որ ծնողները չե՞ն թողնում երեխաներին զբաղվել ֆուտբոլով: Չե՞ք կարծում, որ այսօր Հայաստանում լիովին չեն ընկալում կանանց ֆուտբոլը, ինչպես օրինակ Նորվեգիայում, Ավտրալիայում, որտեղ մարզաձեւը բավական լուրջ հիմքերի վրա է դրված: -
-Այո, ես նշեցի, որ մեծ դեր է խաղում մենթալիտետը, սակայն շատ բան կախված է նաեւ կանանց ֆուտբոլի պրոպագանդումից: Եթե լրագրողները ավելի մեծ ուշադրություն դարձնեն եւ տեղեկացնեն, որ աղջիկները կարող են գալ մարզվել շատ լավ կլիներ: 4-5 մարզիչներով հաճախ գնում ենք դպրոցներ` փորձելով երեխաներ հավաքագրել: Կան նաեւ ծնողներ, որոնք իրենք են երեխային ստիպում մարզվել ֆուտբոլով: -
-Ներկա սուղ պայմաններում, սակավաթիվ ֆուտբոլիստուհիներով Հայաստանի հավաքականը 2006թ. աշնանը կարողացել է Բոսնիայում ոչ-ոքի խաղալ այս երկրի հավաքականի հետ, 1:0 հաշվով հաղթել է Լատվիային, հավասար պայքարում 0:1 հաշվով զիջել է Իսրայելին: Փաստորեն մեր աղջիկները մեծ պոտենցիալ ունեն եւ խաղացողների առավելության դեպքում կարող են ավելի լուրջ հաջողություններ արձանագրել: -
-Լիովին համամիտ եմ, քանի որ խաղացողները քիչ են, սակայն որակն է բարձր, քանի որ ճիշտ աշխատանք է տարվում աղջիկների հետ, ճիշտ կոլեկտիվ խաղ էին խաղում, որը շատ կարեւոր է: Ազգային հավաքականի ընտրություն ես կատարել եմ ընդամենը 20 հոգուց, որոնցից ընտրել եմ 18-ին: Միջազգային մրցաշարերի ընթացքում մրցակից թիմերի մարզիչները, մրցավարները, ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները չէին պատկերացնում, թե դա ինչպես է հաջողվել: Նույնիսկ եղավ դեպք, երբ նորից հարցրեցին 20 հոգուց ենք ընտրել, թե 2000 հազար, մտածելով, որ սխալ են հասկացել: -
Մեզ բոլորը ողջունում էին, որ նման պայմաններում կարողացել էին այպիսի հավաքական ստեղծել: Օրինակ Լատվիայում անցկացնում են ներքին առաջնություն եւ ունեն բարձրագույն խումբ, առաջին խումբ: Այնտեղ մոտավորապես 74 հազար աղջիկ է զբաղվում ֆուտբոլով: Չնայած դրան բողոքում էին եւ նշում, որ դեռ անելիքներ շատ կան: -
-Վերջերս կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձան մեր պատանեկան հավաքականների մրցակիցը: Մինչեւ 19 տարեկանները միեւնույն խմբում է հայտնվել Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Շոտլանդիայի հետ: -
Ես գիտեմ, որ շատ ուժեղ են Ուկրաինան եւ Շոտլանդիան: Ադրբեջանը, ինչպես եւ նախորդ տարի ցանկություն է հայտնել իր մոտ անցկացնել ընտրական մրցաշարը, սակայն տեղեկություններ կան, որ մրցաշարը կայանալու է Ուկրաինայում: Բայց դա մեզ չի մտահագում, մենք սպորտսմեն ենք եւ պատրաստ ենք ամեն տեղ մրցակցելու: Մենք ունենք խնդիրներ խաղացողների: Նախորդ տարվա 19 տարեկանների հավաքականից 4-5 հոգի արդեն չեն կարող հանդես գալ այս տարի, իսկ նրանց արժանի փոխարինողներ առայժմ չունենք: -
Այս տարի առաջին անգամ է անցկացվելու մինչեւ 17 տարեկանների ընտրական մրցաշար եւ այստեղ մեր վիճակը վատ է, քանի որ չունենք ֆուտբոլիստների անհրաժեշտ քանակ: Արդեն աշխատում ենք հավաքագրել երեխաներ, սակայն դա ուղղակի սենսացիա կլինի, եթե 6 ամսում որեւէ մարզիչ կարողանա թիմ ստեղծել: Անհնար է, բայց պետք է անենք: Արդեն երկուշաբթի օրվանից կսկսենք մարզումներ անցկացնել եւ նախապատրաստվել, սակայն նյութատեխնիական խնդիրներ կան կապված խաղադաշտերի հետ, սակայն դա այսօր ողջ Հայաստանում է խնդիր, նաեւ տղամարդկանց ֆուտբոլում: -
-ՈւԵՖԱ-ն տարեցտարի ավելի է խստացնում ֆուտբոլային ակումբների արտոնագրման պահանջները: Հնարավո՞ր է, որ դա նպաստի կանանց ֆուտբոլի առաջխաղացմանը, այսինքն տղամարդկանց հզոր ակումբներին պարտադրվի ունենալ նաեւ կանանց թիմեր, ինչպես օրինակ, հաջորդ տարվանից, այն ակումբները որոնք ցանկանում են մասնակցել միջազգային հանդիպումներին, պետք է ունենան ֆուտզալի թիմեր: -
-Նման խոսակցություններ կային եւ նշվում էր, որ 2007թ. ակումբները պետք է ունենան կանանց թիմեր, որից հետո իրավունք կունենան ստանալ լիցենզիա: Սակայն առայժմ դա չի գործում եւ ինձ թվում է դա հետաձգվել է: Մի պահ մենք շատ ոգեւորվեցինք, քանի որ դա մրցակցություն կստեղծեր ակումբների մեջ, քանակը կավելանար թիմերի եւ դա իր հերթին որակ կտար: Անցած տարի հավաքականի 18 անդամներից 15-ը «Քոլեջից» էին, իսկ մնացը 3-ը «Բանանցից»: Պատկերացրեք, թե որքան ուժեղ կլիներ հավաքականը, եթե 5-6 թիմերից հավաքագրեինք թեկնածուներ: Եթե մեր առաջատար ակումբներ «Փյունիկը», «Միկան», «Արարատը», «Բանանց» եթե ունենան շատ լա կլինի: Եվրոպայում աղջիկները 6 տարեկանից մինչեւ հասունացման շրջանը մարզվում են տղաների հետ, այնուհետեւ առանձնանում են: -
-Տեղացի կադրերի պակասը փորձե՞լ եք լրացնել լեգեոներների շնորհիվ: Կան արդյո՞ք հայզգի աղջիկներ, որոնք հանդես գալով արտասահմանյան ակումբներում» կարող են օգտակար լինել Հայաստանի հավաքականին: -
-Ես գիտեմ մի քանիսի մասին, սակայն հնարավորություն չունենք տեղում ծանոթանալ նրանց կարողություններին: Ինչպես գիտեք, մեծ ֆուտբոլում մարզիչը կամ գործակալը մեկնում է, տեղում դիտում է ֆուտբոլիստի խաղը եւ որոշում, թե որքանով է նա պիտանի թիմին: Ես տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանը արդեն մի քանի արտասահմանցի է հրավիրել, որոնք հանդես են գալու այդ երկրի հավաքականում: -
Ըստ Ձեզ, երբ է հնարավոր, որ Երեւանում Հայաստանի կանանց հավաքականը անցկացնի միջազգային հանդիպում եւ ի՞նչ կտա այն մարզաձեւի մասսայականացմանը: -
Համոզված եմ, որ շատ բան կտա, քանի որ շատերի համար հետքրքիր կլինի, երբ Հայաստանը մրցի Նորվեգիայի կամ Գերմանիայի հզոր հավաքականների հետ: Դրանից հետո եթե 20-30 երեխա էլ ցանկություն հայտնի զբաղվել ֆուտբոլով, արդեն հաջողություն կլինի: Իսկ, թե երբ է հնարավոր չեմ կարող ասել: Ֆեդերացիան պետք է հայտնի ներկայացնի:
Հ.Գ. Ընդառաջելով Մհեր Միքայելյանի խնդրանքին` տեղեկացնում ենք, որ այն աղջիկները, որոնք ցանկանում են զբաղվել ֆուտբոլով, կարող են զանգահարել «Ա1+»` 585427 կամ նամակ ուղարկել [email protected] հասցեով: