«Գեներալները պետք է ոչ թե Բաքվում թեյ խմելուց խոսեն, այլ գործեն» (տեսանյութ)
«Սասնա ծռերի» անդամների դատավարությունը քաղաքագետ Սուրեն Զոլյանը որակում է հաշվեհարդար: «Դատավորների կազմը կարծես հատուկ է ընտրվել: Փոխանակ գործը քննվի, անընդհատ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում: Դատարանի ներսում «Սասնա ծռերի» անդամները խոշտանգումների են ենթարկվում, և սա պատահականություն չէ, սա արվում է ցուցադրաբար, այն ցույց է տալիս իշխանությունների մոտեցումն արդարությանը»: Քաղաքագետն անդրադարձավ նաեւ օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը եւ նշեց, որ էական արդյունք չեղավ, քանի որ կողմերը տարբեր կերպ են մտածում: «Կողմերը կարող են ամեն օր հանդիպել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան կոնկրետ առաջարկներ: Ադրբեջանի գործելաոճը հետևյալն է. սպասել այնքան, մինչև Հայաստանը թուլանա, ինչպես նաև պարբերաբար հարվածել եւ հյուծել մեզ»,- ըստ Սուրեն Զոլյանի՝ Հայաստանի պաշտոնական, քաղաքական միտքը խոսքերից այն կողմ չի անցնում, ԱԳՆ շենքը կա, իսկ նախարարություն, որպես այդպիսին չկա: Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանին չեն անհանգստացնում, որովհետև մարդկային կյանքն իրենց համար մեծ արժեք չունի՝ հատկապես երբ դա վերաբերում է փոքրամասնությունների կամ վտանգված խավերի ներկայացուցիչների կյանքին: «Մեր պատժիչ գործողություններն իրենց նպատակին հասնել չեն կարող: Մենք պետք է փորձենք կենտրոնանալ, ոչ թե անարգանքի սյունին գամենք Ալիևին: Գեներալներ կային, որոնք հայտարարում էին, թե գնում են Բաքու թեյ խմելու , բայց գեներալները ոչ թե պետք է խոսեն, այլ գործեն,»,- շեշտեց Սուրեն Զոլյանը: Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական առաջիկա ընտրություններին՝ Սուրեն Զոլյանն ասաց, որ ԼՂՀ իշխանությունները, փոխանակ զբաղվեն ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրներով, հետամուտ եղան սահմանադրական փոփոխություններին՝ երկարաձգելու Բակո Սահակյանի իշխանությունը: «Սա նախապես ծրագրված տրիվիալ գործընթաց է: Եթե որևէ մեկը կասկածում է, որ Բակո Սահակյանը չի ընտրվելու, կուզեի տեսնել այդ թարմ ուղեղին»,- եզրափակեց բանախոսը: