ԿԸՀ ղեկավարը չի պատկերացնում՝ ինչպես իրականություն կդառնա Պ. Սվիտալսկու առաջարկը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորների ելույթներից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան ը համոզվում է, որ խորհրդարանի ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան. «Հակառակ դեպքում մենք կլսեինք ըստ էության առարկայական ելույթներ, որոնցում կներկայացվեն հանգամանքներ, փաստեր»: Պարոն Մուկուչյանը խորհրդարան էր եկել ներկայացնելու Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ամբողջ ընթացքը՝ ինքն իր գործը լավ է արել եւ համոզված է, որ ընտրական համակարգի եւ ԿԸՀ-ի նկատմամբ վստահությունը քաղաքացիների շրջանում միանշանակ ավելացել է. «Հետընտրական ժամանակահատվածը եթե իրավամբ անկեղծ, անկողմնակալ գնահատման առարկա դառնա, ես կարծում եմ, որ հանրային ընկալումը, հանրային վստահությունը էականորեն փոխվել է»: Սակայն Եվրամիության հայաստանյան գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկին վերջերս խոսել էր պարոն Մուկուչյանի ղեկավարած հիմնարկի հանդեպ վստահության ավելացման միջոցառումների մասին եւ առաջարկել այնտեղ ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ լրագրողներն աղավաղում են պարոն Սվիտալսկու խոսքը. «Խոսքը բնավ չէր վերաբերում հանձնաժողովի կազմի փոփոխությանը, խոսքը վերաբերում էր հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ ինստիտուցիոնալ առաջարկի ներկայացմանը, որպեսզի հանձնաժողովում կազմավորման առումով լիներ այնպիսի մոդել, որը հնարավորություն կտար քաղհասարակության ներկայացուցչի լինելու հանձնաժողովի կազմում եւ այլն: Վերջինիս վերաբերվում եմ սոսկ որպես առաջարկություն»: ԿԸՀ ղեկավարը չի էլ պատկերացնում, թե ինչպես պիտի իրականություն դառնա պարոն Սվիտալսկու առաջարկը, ինչպես է քաղաքացիական հասարակությունն իրականացնելու ընտրությունը եւ ինչ սկզբունքով. «Առավելեւս, երբ մենք այսօր ականատես ենք լինում, երբ մենք նույնիսկ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ հանդես էին գալիս մեկ անվանման ներքո ԱԺ ընտրությունների ժամանակ, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ներկայացրեցին հայտարարություն, որով մյուս երկուսը չէին լիազորում երրորդին օգտագործելու այն անվանումը, որով հանդես էին գալիս»: Հիշեցնենք, որ պարոն Մուկուչյանը խոսում է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելության մասին: