Աղբանոցի փաստաթղթերը չեն կարող քրեական գործի հիմք լինել. Գ. Կոստանյան (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին այսօր ԿԸՀ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն իր ելույթում հայտարարեց, որ նախորդ ելույթներում հնչած բոլոր դիտարկումները քրեական հանցագործության մասին հաղորդում են, եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարող պատասխանել այդ հարցերին. «Առնվազն դա իշխանազանցություն կլիներ նրա կողմից, երբ նրան փորձ է արվում դիտարկել որպես Գլխավոր դատախազ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ շտաբի աղբանոցից ցուցակներ ու ուղեցույց են հայտնաբերել՝ Գեւորգ Կոստանյանը նշեց. «Քաղաքական առումով ես ինձ թույլ չեմ տա կասկածի տակ այդ ցուցակների առկայությունը, սակայն իրավական առումով դրանք պետք է գնահատվեն: Աղբանոցից հայտնաբերված փաստաթղթերը չեն կարող քրեական գործի հիմք հանդիսանալ: Ես ինքս դատի կտայի Տիգրան Մուկուչյանին, եթե նա իրավական գործընթացներն այնպես տաներ, որ աղբանոցից գտնված փաստաթղթղերով մյուս կուսակցության շահերը վնասվեին»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով նաեւ ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին. «Գործընկերս հիշեց Խորհրդային տարիների անեկդոտը, ես էլ հիշեցի մրցավազքը՝ այս դահլիճում ես տեսա ավելի շատ ընդդիմադիր երեւալու մրցավազք: Չի կարելի: Եթե մենք ասում ենք՝ ՀՀԿ-ն հանցագործ է, նախ՝ պետք է էլեմենտար կոռեկտություն պահպանել. անկախ նրանից՝ մենք համաձայն ենք ձեր կարծիքի հետ, թե ոչ, ՀՀԿ-ականները երբեք իրենց թույլ չեն տվել ձեզ վիրավորել: Դիմացինի վրա ցեխ շպրտելով՝ ձեր սեփական քաղաքական կշիռը ամենևին չի ավելանում»: