Ադրբեջանը խաբել է Սպիտակ տանը (տեսանյութ)
«ԱՄՆ եւ ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են բավականին խորը ճգնաժամի մեջ, այս երկրներին պակասում է փոխադարձ վստահությունը, ընդ որում այդ անվստահությունը ոչ թե երկրների առաջնորդների մակարդակով է արտահայտվում, այլ պետությունների»,-համոզված է Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը: Նրա կարծիքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը ավելի շատ ճանաչողական էր. «Հանդիպումը կարելի է դրական գնահատել, բայց այն էական փոփոխությունների չի բերի, քանի որ հանգամանքներն ավելի ուժեղ են, քան ցանկությունները՝ հարթել հարաբերությունները»: Հարցին, թե ինչպես կանդրադառնա տարածաշրջանի խնդիրների վրա ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը՝ ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց. «Ռուս-ամերիկյան լարվածությունն արդեն իր հակազդեցությունը թողել է մեր տարածաշրջանի վրա ե՛ւ տնտեսական ե՛ւ քաղաքական առումով: Այս դեպքում պետք է կամ հստակ դիրքորոշում որդեգրել ու սատարել որեւէ մեկին, կամ պետք է մանեւրել եւ «ոտքի տակ» չընկնել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների կայունացումն, իհարկե դրական կանդրադառնա մեզ վրա»: Հայաստանի լոբբիստական աշխատանքը շատ կարևոր է՝ պայքարելու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների դեմ, բայց ես չեմ տեսնում որևէ քայլ այս ուղղությամբ. ասում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Ճիշտ է ԱՄՆ զենք չի վաճառում Ադրբեջանին, բայց օրինակ ամերիկյան զենքը վաճառվում է Իսրայելին, այնտեղից էլ գալիս է Ադրբեջան: ԱՄՆ-ը Ադրբեջանին նաեւ կրթական ծրագրերի միջոցով ռազմական օգնություն է տրամադրում , ամերիկյան ուսումնական հաստատություններում սովորում են ադրբեջանցի սպաներ եւ անցնում վերապատրաստում, բայց կա պայման, ըստ որի՝ այդ օգնությունը կարելի է տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի օգտագործվել Հայաստանի դեմ: Բայց ապրիլյան դեպքերի ժամանակ ոչնչացվեց երկու ադրբեջանցի հատուկ ջոկատային, որոնք վերապատրաստում էին անցել ԱՄՆ ռազմական հաստատություններում: Սա փաստացի ապացույց էր, որ Ադրբեջանը խաբել էր Սպիտակ Տանը»: