«ՀՀԿ հարթակներն էին մարդկանց ննջարաններն ու բաղնիքները» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստին այսօր ԿԸՀ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթ պատմեց, թե ԱԺ ընտրություններից առաջ ինչ խախտումներ են հայտնաբերել ՀՀԿ նախընտրական շտաբից. «Նախընտրական շրջանում ՀՀԿ հարթակներն էին մարդկանց ննջարաններն ու բաղնիքները, ծայրահեղ դեպքում կարող են զուգարան էլ մտնել»: Նա ընթերցեց ընտրակաշառք բաժանելու 11 կետանոց ուղեցույցը, որը Ելքը հայտնաբերել էր ՀՀԿ շտաբի մոտ գտնվող աղբանոցից. «Վերջում էլ գրված էր՝ դուխով, ձեր մեջքին կանգնած ենք: Էդ ո՞նց, շատ պարզ՝ Գլխավոր դատախազն էլ գիտի, ԿԸՀ նախագահն էլ գիտի, ասված է՝ բոլորը գիտեն»: Նիկոլ Փաշինյանը սկսեց թվարկել փաստաթղթում նշված այն բոլոր անձանց անունները, որոնք վերցրել ու բաժանել են ընտրակաշառք, իսկ ոմանց անվան դիմաց գրված էր՝ գրիչ. «Էն որ ՀՀԿ-ն մի կլիպ ուներ, որ ասում էր կարմիր-կապույտ-ծիրանագույն, չմտածեք, թե հիմնը նկատի ունեին, այլ գրիչները, որոնցով պետք է քվեարկություն կատարվեր»: Պատգամավորը անդրադարձավ նաեւ ընտրություններին ընտրատեղամասեր ուղղորդող անձանց. «Առաջ ես նրանց ասում էի ընտրական հարյուրապետ, հիմա՝ ընտրական հովիվ, որը ապահովում է նրանց քվերակությունը կարմիր-կապույտ-ծիրանագույն գրիչներով: Ի՞նչ պիտի անի քաղաքացին՝ իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Դատախազը, ԿԸՀ նախագահը, անգամ՝ օմբուդսմենը միանշանակ ասում են՝ դիմեք ոստիկանությանը: Իսկ այդ ընթացքում ՀՀԿ շտաբերից մեկը ՊՊԾ գնդից ստանում է ֆաքս, որտեղ կար 60 ոստիկանի անուն-ազգանուն, եւ թե նրանցից ով ինչքան ձայն է ապահովել ՀՀԿ համար: Հետո ասում են՝ հը, հանկարծ թուրքը չիմանա, չուրախանա, մինչդեռ այս ցուցակը ուղարկում են ՍԱՍ սուպերմարկետի ախրանայի պետին: Տիգրան Մուկուչյանը այս ամենը չի տեսել, մինչդեռ մամուլում հրապարակվել է: Դրա համար եմ ասում՝ քաղաքական տեսողության խնդիր է: Սա հանցավոր խմբի մասին հաղորդում է, որի անունը ՀՀԿ է: Ես դա կապացուցեմ ցանկացած ատյանի առաջ ու այդ կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն է»: