ՍԵ՞ՐԸ ՍՊԱՆԵՑ 14-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՋրաշենցի Լիլիթ Գրիգորյանի ինքնասպանության պատճառը գյուղի դպրոցի աշակերտների մեծ մասը կապում են նրա սիրային պատմության հետ: 14-ամյա աղջիկը հունվարի 30-ին իրեն կախել էր իր ննջասենյակում պատի կախիչից: Դեպքի համար խնդրել էր ոչ ոքի չմեղադրել, իսկ սիրած տղային փոխանցել, թե «սիրել եմ ու էն աշխարհում էլ կսիրեմ, չնայած որ ինքը չհասկացավ»:
Լիլիթի մտերիմ ընկերուհին, համադասարանցի Աննա Հակոբյանը գյուղում տարածված այն լուրերը, թե Լիլիթը իրեն կախել է կրոնական հողի վրա, իրականությունից հեռու է համարում: Ավելի շատ նրա արարքը կապում է սիրո հետ: «Իր բոլոր նամակներում նրա մասին է գրել»,-ասում է Լիլիթի ընկերուհին: Դեպքից մի քանի ժամ առաջ, դասերի ժամին. Աննան Լիլիթի քիմիայի դասագրքից գտել է իրեն ուղղված մի նամակ Լիլիթի նկարով: Երբ հարցրել է, թե ինչ է՝ ընկերուհին պատասխանել է՝ «Անակնկալ է. բայց փչացավ անակնկալս: Ուրիշ անակնկալ կանեմ»:
Աննայի համար իսկապես անակնկալ էր ընկերուհու ինքնասպանությունը: Նա այդ մասին իմացել է տանը, երբ ոստիկաններն այցելել են նրանց տուն, Աննային հարցրել, թե ով է իր մտերիմ ընկերուհին դպրոցում: Կես ժամ Աննայի հետ զրուցելուց հետո ոստիկանները հեռացել են: Հաջորդ օրը ոստիկաններն այցելել են դպրոց, դասղեկի ներկայությամբ հարցաքննել Աննային ու էլի մի քանի աշակերտների:
Աննայի հայրը՝ Ավետարանական հավատքի եկեղեցու անդամ Մխիթար Հակոբյանը, իմանալով, որ աղջկան ոստիկանները հարցաքննում են դպրոցում, շտապել է դպրոց, սակայն չի կարողացել մասնակցել աղջկա հարցաքննությանը: Հաջորդ հարցաքննությունը տեղի է ունեցել թաղման հաջորդ օրը՝ արդեն Սպիտակի ոստիկանությունում:
Հարցաքննության մասին խոսելիս 14-ամյա Աննան հուզվում էր, հիշում, թե ինչպես է դատախազի օգնականը՝ Անդրանիկ Մուքոյանն իրեն սպառնացել, հայտարարել, թե եթե աղջիկ չլինեիր, ականջներդ կձգեի, 16 տարեկան լինեիր, կդատեի, հորդ կդատեմ, կարո՞ղ է սիրել ես Լիլիթի սիրած տղային, ու նա իրեն խանդի հողի վրա է կախել եւ այլն: Չնայած սպառնալիքներին ու վատ վերաբերմունքին, Աննան պատմել է ընկերուհու մասին: Միաժամանակ հիշում է, որ դատախազի օգնականն ավելի շատ հոր գործունեությունից էր հարցնում, քան ընկերուհու:
Օրինակ այն, թե Լիլիթը մասնակցե՞լ է Աննայենց տանը կազմակերպված հավաքներին: Ցուցմունքներում Աննան շեշտել է, որ ընկերուհին որեւէ կրոնական կազմակերպության չի պատկանել, որեւէ հավաքի չի մասնակցել: Չնայած այն հանգամանքին, որ իրենց տանը կազմակերպվում են կրոնական ժողովներ, Լիլիթը երբեւէ իրենց տուն չի եկել ու իրենց հավաքներին չի մասնակցել: Աննան հիշում է, թե ինչպես ընկերուհին 2005-ի նոյեմբերին հաճախել է Հայ Առաքելական եկեղեցու կազմակերպած դասընթացներին ու որոշ ժամանակ անց թողել: Մի 2-3 անգամ էլ մի քանի տարի առաջ հաճախել է այլ կրոնական ուղղության հավաքույթների, բայց Աննան կոնկրետ չի հիշում, թե՝ որ:
Ջրաշենում տարածված լուրերն այն մասին, թե Լիլիթը Սուրբ հոգի է ստացել ու տանը կրոնական գրքերով անկյուն է ունեցել, Աննան բացառում է: Նա միայն գեղարվեստական գրքեր է կարդացել ու հաճախ քննադատել այն հերոսուհիներին, ովքեր ինքնասպան են լինում: Լիլիթի սիրո պատմությանը ընկերուհին տեղյակ է եղել հենց սկզբից.
«Ես նրա խոստովանահայրն էի»,-ասում է Աննան ու հիշում, որ սկզբում՝ 4 թե 5 դասարանում ընկերուհին չի սիրել իրենց համագյուղացուն, նույնիսկ կոպիտ էր պատասխանել տղայի սիրո մասին ընկերուհիների պատմածներին: Բայց հետագայում խոստովանել է, որ սիրում է: Սակայն արդեն 7-րդ դասարանում Լիլիթի եղբայրը զրուցել է քրոջ սիրած տղայի հետ ու պարզել, որ նա քրոջը չի սիրում: «Դա հիասթափեցրեց Լիլիթին»,-պատմում է Աննան ու շեշտում, որ անցած տարվանից ընկերուհին հազվադեպ էր խոսում իր սիրո մասին ու ասում էր, որ էլ չի սիրում նրան: Լիլիթը կենսուրախ էր, նրբազգաց, նրբանկատ: Սիրում էր ընկերուհիների հետ խոսել ապագայի մասին, այն մասին, որ սեւ աչքերով տղաներին է հավանում, որ արդեն ընտրել է ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաները, ուզում է մասնագիտանալ կամ այդ առարկաների ուղղությամբ կամ էլ մոդելյոր դառնալ:
Լիլիթը բանաստեղծություններ էր գրում, կյանքի օրագիր ուներ, որը կարդացել է Աննան ու նկատում է, որ այնտեղ կրոնական որեւէ նախադասություն չկա գրած: Գրված է առօրյան ու մի փոքր էլ իր սիրո մասին: Իր նամակներից մեկում, որոնք գտել են Լիլիթի դպրոցական պայուսակում՝ գրել է՝ «Էս կյանքի ստորացումներին չեմ կարա դիմանամ», մյուս նամակով տեղեկացրել է, թե այդ քայլի մասին երկար է մտածել, ամիսներ, նույնիսկ տարիներ: Մինչեւ Նոր տարի նա կենսուրախ էր, իսկ վերջին շաբաթներում դարձել էր ինքնամփոփ ու լռակյաց: Թե ինչն է ստիպել 14-ամյա Լիլիթ Գրիգորյանին դիմել ինքնասպանության, դեռեւս պարզ չէ: Բայց նրա համադասարանցիները դա կապում են սիրո պատմության հետ:
Նաիրա Բուլղադարյան