Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սխալ դրվածք է թե Ղարաբաղում, թե Հայաստանում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasun-mikayelyan

Ղարաբաղում ձեւավորվել են խանական բարքեր: Այսպես է բնորոշում երրորդ անգամ Ղարաբաղի նախագահ դառնալու Բակո Սահակյանի մտադրությունը «Ելք» խմբակցության անդամ  Սասուն Միքայելյանը. «Խաներ ունենք, պըտի էդ խաներին ենթարկվենք»: Սակայն Բակո Սահակյանին Սասուն Միքայելյանը չի համեմատի երրորդ անգամ Ադրբեջանի նախագահ դարձած Իլհամ Ալիեւի հետ: Առաջինն արցախյան պատերազմում ծառայություններ ունի. «Բայց որ սխալ դրվածք ա մեր երկրում, թե Ղարաբաղում, թե Հայաստանում, դա փաստ ա»: Սասուն Միքայելյանի տպավորությամբ Բակո Սահակյանին նախագահ են դարձնում ոչ այն բանի համար, որ հենց ինքը ստորագրի Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, սակայն, ըստ նրա, ամեն ինչ հանգեցնում է դրան. «Բնական ա՝ իրանք իրանց ուզած ցանկությամբ ինչ ուզենան, կանեն: Հասկանու՞մ եք, հողերի հանձնման հետ կապված»: «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի համոզմամբ, Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետը հաստատ հողեր հանձնելու համար չէ: Ավելին, նա մնում է, որ հողերն էլ մնան Արցախինը. «Ես չեմ պատկերացնում դրանց վերադարձը»: Եթե անգամ որոշում լինի հողերը վերադարձնել, ըստ պարոն Բոստանջյանի, Բակո Սահակյանի որոշումը չի լինելու դա, այլ՝ գերտերությունների. «Մենք չենք կարող էդ հզորների դեմ պայքար մղել»: Այսօր Ղարաբաղի համար անհրաժեշտություն է Բակո Սահակյանի մնալը,-համոզված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա երրորդ անգամ նախագահ դառնալը հակասահմանադրական չէ, թեպետ գործող Սահմանադրության երրորդ գլխի 65-րդ հոդվածի առաջին կետը արգելում է երկու անգամից ավելի անընդմեջ լինել նախագահ. «Եթե որեւէ սահմանադրական խախտում լիներ, ես պարկեշտությունը գնահատելով Բակո Սահակյանի, ինքը դրա մասին կհայտարարեր»: Պարոն Բաղդասարյանը չարախոսություն է համարում այն տեղեկությունները, թե Բակո Սահակյանն այսօր միակ մարդն է Ղարաբաղում, որ պատրաստ է ստորագրել գրավյալ տարածքները վերադարձնելու մասին փաստաթղթի տակ. «Դուք պատկերացնու՞մ եք՝ ղարաբաղցին նման ստորագրություն տա, ես չեմ պատկերացնում»: Հանրապետական պատգամավորը համոզված է՝ Բակո Սահակյանը մնում է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղին այսօր հենց նրա նման նախագահն է պետք: