Էդուարդ Շարմազանովը դժգոհեց սերիալների բովանդակությունից
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ սերիալներին` նշելով` ինչո՞ւ լավ, բարի կերպարներ չկան. «Սցենար գրողներին կանչեք ու ասեք, որ բարություն սերմանեն, մեր հասարակության մեջ առանց այն էլ նեգատիվը շատ է։ Ես չեմ ասում, որ ինձ ցույց տվեք, կամ ի վերջո` պարոն Մարուքյանին ցույց տվեք Լուսավոր Հայաստանից։ Հոգեւոր հաղորդումները պետք է շատ լինեն, եղածներն էլ ուշ ժամի են ցուցադրվում։ Մեր երկրում բարությունն է պակասում, իսկ դա մենք պետք է սերմանենք։ Կարելի է եւ վարկանիշ ապահովել, եւ որակյալ հաղորդում ունենալ։ Վարկանիշ, սակայն, չի նշանակում պլինդուզից ներքեւ»: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը պատասխանեց` ասելով. «Բովանդակային հաղորդումների խմբագրումը մեր լիազորությունների տակ չէ, ես էլ` որպես քաղաքացի, ծնող, մտահոգ եմ»։ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցը վերաբերում էր մարզային հեռուստաընկերությունների թվայնացմանը. «Ինչ-որ լուծում ունե՞ք մարզային հեռուստաընկերությունների թվայնացման համար։ Ի՞նչ է արվում մասնավոր մուլտիպլեքսի ուղղությամբ, որը բավականին թանկ է։ 10 մարզային հեռուստաընկերություն են, ինչպե՞ս աջակցենք նրանց, որ շարունակեն մեդիաբազմազանությունը ապահովել»: Գագիկ Բունիաթյանը նշեց, որ այս տարի էլ են մուլտիպլեքսի մրցույթ հայտարարելու. ԱԺՀուսով ենք, որ առաջարկներ կլինեն։ Քննարկումները չեն դադարում, փորձում ենք լուծումներ գտնել»։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց հեռուստառադիոդաշտի ռազմավարական նպատակների մասին. «Այն որոշակի ազդեցության ձեւ է, մինչդեռ մենք այսօր չունենք վերկուսակցական, վերխմբային նպատակներով հեռուստաընկերություն։ Ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ այսպիսով»։ Գագիկ Բունիաթյանը եւս մեկ անգամ նշեց, որ իրենց հանձնաժողովը նման հարցերով չի զբաղվում. «Դրանց լուծումների համար կան այլ ֆորմատներ»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ասում ենք` գրաքննություն չկա մեր երկրում, սակայն իրականում ստվերային գրաքննություն ունենք»: