Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեզվակռիվ փաստաբանների միջև. որոշվում է Տիգրան Եգորյանի ապագան (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-yegoryan

Փաստաբանների պալատի խորհուրդը երեկ քննարկում էր փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ ովքե՞ր են դատավորները: Խորհրդի անդամներից մեկը նախկին դատախազ Կարեն Սարդարյանն է: Փաստաբան Տիգրան Եգորյանը նշում է. «Դեռեւս 99 թվականին ձեր նկատմամբ դատական ակտ է կայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու կապակցությամբ դուք մեղավոր եք ճանաչվել: Ես չեմ ցանկանում, որպեսզի իմ կարգապահական գործով քննությանը մասնակցի եւ իմ մասնագիտական էթիկայի կապակցությամբ քննարկումները վարի եւ որոշումներ կայացնի անձ, որն ունեցել է նման անցյալ»: Մյուսը Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն է: Նա ներքաշված է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած ծեծի առիթով քրեական գործի մեջ: Հիշյալ փաստաբանները չեն ընդունում Տիգրան Եգորյանի մոտեցումներն իրենց բարոյական կերպարի մասին եւ շարունակում են մասնակցել նրա դեմ հարուցված կարգապահական վարույթին: Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է այն հիմքով, որ նա այդպես էլ դատարանին տեղյակ չի պահել կալանքի համար անհամատեղելի հիվանդությամբ տառապող Արթուր Սարգսյանի հիվանդության մասին: Փաստաբանների պալատին այդ հայցով դիմել է «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի երկու ներկայացուցիչ.  «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի ներկայացուցիչ Արուսյակ Հայրապետյանը ասում է. «Մենք մեզ համարում ենք մարդու իրավունքների պաշտպանության գլադիատորներ էստեղ Հայաստանում։ Ինձ համար կարեւոր է հասկանալ՝ Արթուր Սարգսյանի իրավունքները լիովին պաշտպանվե՞լ են, թե ոչ: Ինչու՞ նրա պաշտպանները տեղյակ լինելով, որ ինքը ունի մի հատ հիվանդություն, որը իրենց տալիս է հիմք դիմել քննչական մարմիններին եւ փոխել նրա կալանքի ձեւը, չեն արել դա»։ Ըստ Տիգրան Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի՝ «Ես ելնում եմ ձեր դիմումից՝ այնտեղ մի քանի տեղ նշած են փաստաբանները եւ վերջում դուք պատասխանատվություն եք պահանջում միայն Տիգրան Եգորյանի վերաբերյալ: Ինչու՞ եք հենց ընտրել Տիգրան Եգորյանին եւ պահանջել Տիգրան Եգորյանի պատասխանատվության հարցը»: Արուսյակ Հայրապետյանը պատասխանում է. «Որովհետեւ Արթուր Սարգսյանի մայրիկի եւ եղբոր բերանից հստակ հնչեցվել է, որ իրենց գործով զբաղվում է Տիգրան Եգորյանը»: Արուսյակ Հայրապետյանը նկատում է, որ անձամբ Տիգրան Եգորյանի դեմ ոչինչ չունի: Փաստաբանի դեմ ոչինչ չունի նաեւ մյուս դիմումատուն՝ Թեհմինե Ենոքյանը։ Լուսինե Հակոբյանը փորձում է հասկանալ. «Արուսյակ Հայրապետյանը ստատուս ա գրել, հարցեր չի գրել: Գրել ա՝ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ: Նրան կալանավայրում պահելն օրենքի խախտում է: Դուք տակը գրել եք՝ անկեղծ ասած, ես զգուշացրել եմ էս կարգի կարեւորագույն երկու-երեք գործերն այդ փաստաբանին վստահելը արկածախնդրություն է: Ու՞մ նկատի ունեք»: «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի մյուս ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը պատասխանում է. «Ուղիղ ասեմ՝արկածախնդրություն եմ համարել Տիգրան Եգորյանին վստահելու գործը»: Ինչ-որ պահից քննությունը դուրս է գալիս վարույթի սահմաններից: Նիստի ներկաներից մեկը վիրավորում է փաստաբանին: Վիրավորողի դուստրը՝ Արուսյակ Հայրապետյանն արդեն չի հասկանում, թե ինչու պետք է պատասխանողն ունենա հարցերի կամ խոսքի իրավունք։ Տիգրան Եգորյանը սակայն հարցեր ունի հայցվոր կողմին: Սա արդեն դուր չի գալիս փաստաբանական խորհրդի անդամին։ Խորհուրդը որոշում է հետաձգել հայցի քննարկումը: Հաջորդ նիստի օրը հայտնի չէ: Ավելին՝ տեսանյութով