Հայաստանի՝ ՀԱՊԿ համագործակցությունը չի կաշկանդում ՆԱՏՕ-ին (տեսանյութ)
«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով քննարկմանը ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ զինված ուժերի արդիականացման հարցում՝ երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-60-ական թթ., ներդրեցին համազգեստով քաղաքացի հասկացությունը, որը նշանակում էր՝ փորձում էին կանխել մի վիճակ, երբ զինված ուժերը պետություն էին պետության մեջ. «1990-ականներին մենք դադարեցրինք պարտադիր զինվորական ծառայության պահանջը: 2001թ. հետո մենք ունենք արդեն այլ մարտահրավերներ՝ Աղֆանստան, Արեւելյան Եվրոպա: ՀՀ մարտահրավերները մի փոքր այլ են: Կարծում եմ՝ այս պարագայում ՆԱՏՕ-ի դերակատարությունը կարող է մեծ լինել, երբ խոսքը գնում է զինված ուժերի արդիականացման մասին»: Նա նաեւ ընդգծեց, որ որեւէ հակասություն չկա ՀՀ եւ ՆԱՏՕ համագործակցության միջեւ. «Մենք առաջարկում ենք համագործակցություն, սակայն որեւէ բան չենք պարտադրում մեր գործընկերներին: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ունեն ընդհանուր արժեքներ, որտեղ գերակայում են մարդու իրավունքները: ՀՀ-ում մենք ստեղծելու ենք ՆԱՏՕ-ի առաջին հավատարմագրային հիմնադրամը, որը կաջակցի զրահատեխնիկայի արդիականացման հարցում: Ուզում եմ նաեւ նշել, որ գնահատելի է, որ այս քննարկմանը ներկա են ՀՀ ԱԳՆ, քաղհասարակության, օտարերկրյա տարբեր դեսպանությունների ներկայացուցիչներ: Շատ լավ կլիներ, եթե հաջորդ անգամ հանդիպմանը ներկա լինեին նաեւ ՌԴ դեսպանությունից, քանի որ մեր կոնցեպցիաներից մեկն է՝ երկխոսություն Ռուսաստանի հետ: Այդ իմաստով սա շատ լավ հնարավորություն կլիներ՝ հասկանալու ռուսական մոտեցումները՝ ՆԱՏՕ-ի ներկայությունը ՀՀ-ում»: Քննարկմանը ներկա ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին իր խոսքում նշեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, 66 տարեկան է, եւ այն պաշտպանական կառույց էր, որը պայքարում էր Խորհրդային միության նվաճողական քաղաքականության դեմ. «Մինչեւ 1985թ. ՆԱՏՕ-ն հանդիսացավ որպես ֆիզիկական պաշտպանական կառույց կոմունիզմից: Խորհրդային միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն քաղաքական-պաշտպանական կառույցից քաղաքական հատվածն առավել կարեւոր է դառնում: Սկսվեց խաղաղ համագործակցության դարաշրջան այն երկրների համար, որոնք ՆԱՏՕ-ի անդամ էին, եւ սկսեց ընդլայնվել դեպի Արեւելք՝ ՀՀ: 2001թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՆԱՏՕ-ն փոխեց իր ուղղվածությունը, այն է՝ ահաբեկչությունը հանդիսանում է կարեւորագույն թշնամի ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: ՆԱՏՕ-ն փոխեց նաեւ իր ռազմական գերակայությունները՝ հայտարարվեց համաշխարհային պատերազմ ահաբեկչության դեմ, շեշտադրվեցին արագ արձագանքման խմբերը զինված ուժերում»: Ըստ նրա՝ 2008թ., երբ ՌԴ-ն հարձակվեց Վրաստանի վրա, այնուհետեւ՝ Ուկրաինայի վրա, ՆԱՏՕ-ն այդ ընթացքում անցումային շրջանում էր. «Վարշավայի գագաթաժողովը շրջադարձային էր. նրանից հետո ՆԱՏՕ-ի պաշտպանական բաղադրիչը կրկին վերադարձավ: Մենք սկսեցինք ապահովել նաեւ պաշտպանական երաշխիքներ ՆԱՏՕ-ի Արեւելյան հատվածում՝ ՆԱՏՕ-ի զորքերի ռոտացիոն ներկայությունը այդ տարածքներում: ՆԱՏՕ-ն սկսեց ֆիզիկապես ու ռազմական ճանապարհով պաշտպանել անդամ պետությունների անվտանգությունը»: Դեսպանը նշեց, որ Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան հանդիսանում է անդամ պետություն, այլ՝ Հարավային կովկասը հանդիսանում է հարեւան գոտու մաս. «Հենց այս ենթատեքստում էլ ունենք համագործակցություն ՀՀ հետ: ՆԱՏՕ-ն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, ուղղված չէ ՌԴ դեմ, այլ մեր ներքին կարողությունների ամրապնդմանը եւ ապահովել կայունություն այն տարածքներում, որոնք իր պատասխանատվության տակ են: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա չնայած ՀԱՊԿ անդամակցությանը՝ մենք պատրաստ ենք համագործակցել ՀՀ հետ՝ ապահովելով կայունություն ու անվտանգություն՝ մեր ընդհանուր արժեքների իրագործման համար, նաեւ՝ ապահովելու բանակի եւ հասարակության արդյունավետ համագործակցությունը»: Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին նաեւ տեղեկացրեց, որ մի քանի ժամից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը սկսելու է իր այցելությունը դեպի Եվրոպա. «Ես վստահ եմ, որ նա չի սիրում Լեհաստանը, եւ իր այցով Վարշավա ընդամենը ուզում է ուղերձ փոխանցել, թե ինչքան կարեւոր է ՆԱՏՕ-ի Արեւելյան հատվածը, եւ սա լրիվ համահունչ է Բալկանյան երկրների, Չերնոգորիայի հետ համագործակցությանը»: