«Իշխանավորը պետք է հասկանա` ինչ է արժանապատվությունը» (տեսանյութ)
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն իր ասուլիսը սկսեց շնորհավորական խոսքով եւ մտահոգություն հայտնեց, որ մեր հասարակությունն այդքան էլ խանդավառված չէ օրվա խորհրդով: Պատճառն ըստ նրա՝ մտածողության մեջ է: «Մարդը, նրա իրավունքները, արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են, առնվազն պետք է հասարակությունը, առավել ևս իշխանավորը հասկանա` ինչ է արժանապատվությունը, որն է նրա իրավունքը և ինչ ազատություններ ունի»․- ասում է Վարդան Այվազյանը` ընդգծելով, որ հակառակ դեպքում սահմանադրությունն ընդամենը դառնում է բառախաղ։ «Այսօր միջազգային իրավունքի ճգնաժամ կա, եւ դրա հիմնական պատճառը միջազգային հարաբերություններում սահմանադրականության սկզբունքների բացակայությունն է: Եւ որքան միջազգային հանրությունը շեղվում է այդ նորմերից , այդքան մենք տեսնում ենք այսօրվա միջազգային հարաբերությունների անմխիթար վիճակը»: Ցանկացած ժողովրդական ուղի բռնած պետության սահմանադրությունը իդեալականին մոտ մոդել է, եւ եթե իշխանությունը եւ հասարակությունը ձգտեն մեկտեղել իրենց ուժերը, ապա կմոտենան իդեալական մոդելին` համոզված է Վարդան Այվազյանը: «Մեր զարգացման եւ առաջընթացի նախադրյալը, եթե բացառապես կապենք նոր փոփոխված սահմանադրության հետ եւ ոչինչ չանենք , ապա որեւէ արդյունքի հասնել չենք կարող, իսկ արդյունքի հասնելու համար պետք է հասարակությունը եւ իշխանությունը ճիշտ ընկալեն սահմանադրական արժեքները»: Ըստ Վարդան Այվազյանի՝ ցանկացած երկրի անվտանգության երաշխիքը ճիշտ պետականության մոդելն է: «Մեծ քննարկումներ են գնում կոռուպցիայի պայքարի վերաբերյալ, պետք է նկատի ունենալ, որ հակակոռուպցիոն պետական մարմին ձեւավորելով՝ հարցը չի լուծվի, պետք է սահմանադրական արժեքները գործեն եւ ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այդ երեւույթը իր իմաստը կորցնի»: