ԵԱՀԿ-ն մնացել է առանց գլխավոր քարտուղարի
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ բարձր պաշտոններ հուլիսի 1-ից մնացել են թափուր, քանի որ կառույցի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերի իրավահաջորդի հարցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի, թափուր են մնացել Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի ղեկավարի, ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնները: Զանյերի խոսքով՝ ստեղծված իրավիճակը վկայում է կազմակերպությունում առկա խորքային ճեղքվածքի մասին: Գործակալության դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի միջև այս հարցում տարակարծությունները կադրային ճգնաժամի պատճառներից միայն մեկն է: Հաջորդ հնարավորությունը կադրային հարցերին լուծում տալու համար կներկայանա Վիեննայում հուլիսի 11-ին՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: