Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք կարծում եք օդի՞ց են արվում հայտարարությունները. Էդ. Նալբանդյանը՝ ԱԺ-ում

Քաղաքականություն
unnamed1-12

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին. մաս 1 Վահե Էնֆիաջյան: Շնորհակալություն: Պարոն նախարար, առհասարակ մի քանի հարցեր կան, որ կցանկանայի պարզաբանում մտցնեիք և ավելի հստակ պատասխանեիք: Մենք ունենք 57 դիվանագիտական ներկայացուցչություն, անդամակցում ենք 96 միջազգային կառույցներում, և շուրջ 5 միլիոն դոլարի չափ, առհասարակ որպես այդպիսին, սպասարկման վճար ենք վճարում, որպեսզի կարողանանք մեր լիարժեք անդամակցություն ունենանք: Հատկապես հաշվի առնելով 2016թ ապրիլի դեպքերը` մենք գնահատական տալի՞ս ենք այն 57 պատասխանատուներին, թեկուզ և տեղեր ունենք, որտեղ մեկ կամ երկու ներկայացուցիչ ունենք, թե ինչքանով են արդյունավետ աշխատել, որքանով են կարողացել մեր հիմնահարցերը ներկայացնել օտար կազմակերպություններում կամ քաղաքակիրթ հասարակությանը: Ես կուզենայի, որպեսզի Դուք նաև ամփոփեիք` այս 57 դիվանագիտական ներկայացուցչություններն առանձն-առանձին ինչքանով եք արդյունավետ գնահատում: Երբևիցե մեր երկրում կլինի՞ այդպիսի մշակույթ, երբ վատ գործուներություն, անարդյունավետ աշխատանք իրականացնելու համար գործառույթներ իրականացվեն, որպեսզի տարբերվի, և ներքին աշխատանքի բովանդակությունն ավելի արդյունավետ դառնա: Տեղեկատվական պայքարի առումով ևս մատնանշելով անցած տարվա դեպքերը` պետք է արձանագրեմ, որ միջոցները բավարար չէին: Անընդհատ այս համատեքստում բարձրաձայնվում է տվյալ հիմնահարցը, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ միջազգային տարբեր գործառույթների հետ կապված կամ առհասարակ պահպանման ծախսերի հետ կապված բավականին մեծ գումարներ է ծախսվում, այն ինչ նպատակի համար գումարներն անընդհատ չեն բավարարում: Մի կարևորագույն հարց ևս. անցած տարվա ապրիլյան հայտնի դեպքերից հետո` ապրիլի 5-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն, որ վերջինս 1994 թվականի հրադադարի պայմանագրի վրա պետք է հղում անի: Ինչն է պատճառը և ինչպես հասկանանք, որ ամեն օր սահմանին լարված է մնում վիճակը և գրեթե ամեն օր ունենք զոհեր կամ վիրավորներ: Էդվարդ Նալբանդյան. Դուք ասացիք, որ մենք ունենք դիվանագիտական 57 ներկայացուցչություն և նաև անդամակցում ենք 96 կառույցների։ Ձեզ կխնդրեի ծանոթանալ նաև, թե մեր հարևան երկրները քանի կազմակերպության են անդամակցում և քանի դեսպանություն ունեն արտերկրում: Խնդրում եմ, ստուգեք և համեմատեք: Ես երբևէ չեմ ասում, որ բավարար չեն գումարները, ասում եմ` եթե առավել հնարավորություն ունենայինք, շատ ավելի լավ կլիներ: Բայց այն գումարները, որ հատկացվում են ԱԳՆ-ին, այդ գումարների սահմաններում փորձում ենք լուծել այն խնդիրները, որոնք մեզ վրա են դրված: Ինչպես ներկայացրեցի, 1+1 է դեսպանությունների աշխատակիցների թիվը: Համեմատեք հարևան երկրների դեսպանությունների աշխատակիցների թվի հետ: Դեսպանությունների արդյունավետության մասով, այո, մեր կարծիքով դրանք բավականին արդյունավետ են գործում: Լինում են նաև թերություններ։ Արտաքին գործերի նախարարությունն իր գնահատականները ներկայացնում է բարձրագույն ղեկավարությանը, և բարձրագույն ղեկավարությանը, եթե անհրաժեշտ է համարում, համապատասխան որոշումներ է կայացնում: Դեսպանները ներկայացնում են պետությունը, պետության ղեկավարին, և համապատասխանաբար պետության ղեկավարն է գնահատական տալիս այդ աշխատանքին: Ինչո՞ւ յուրաքանչյուր դեսպանության վերաբերյալ հրապակայնորեն չենք արտահայտվում՝ ինչպես են գործում, ինչպես չեն գործում։ Միջազգային փորձից ելնելով` ասեմ Ձեզ, որ որևիցե երկրում այդպիսի բան չի արվում։ Որովհետև, թերությունների առկայության դեպքում, եթե դրանք դարձնենք հանրային քննարկումների առարկա, մենք կվտանգենք մեր դիվանագետների աշխատանքն արտերկրում: Հապատասխան կարգ գոյությունի ունի։ Դեսպանները հաշվետվություններ են ներկայացնում արտգործնախարարությանը։ Դեսպանների հաշվետվությունները քննարկվում են անգամ Հանրապետության Նախագահի մակարդակով։ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մի քանի այդպիսի հաշվետվություններ են եղել, որոնք լայնորեն լուսաբանվել են։ Ծանոթացեք այդ հաշվետվությունների մասին տեղեկատվությանը, Նախագահի կողմից տրված հանձնարարականերին։ Միանշանակ պնդել, թե ապրիլի դեպքերից հետո ինչն է լավ եղել կամ վատ. Դուք կարծում եք` օդի՞ց է եղել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները և ընդունված հայտարարությունները լրիվ համահունչ էին նրան, ինչ Հանրապետության Նախագահն էր ասում այդ հանդիպումներից առաջ։ Վիեննայից և Պետերբուրգից առաջ մենք ի՞նչ էինք ասում. ասում էինք, որ հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև, պետք է անխտիր իրականացվեն։ Ի՞նչ ասացին եռանախագահող երկրները ոչ միայն Վիեննայում և Սանկտ Պետերբուգում, այլ նաև` դրանից հետո։ Հենց նույնը։ Ասում են, թե հասցեական չեն համանախագահ երկրների հայտարարությունները։ Բա ո՞ւմ էին ուղղված դրանք։ Մենք էինք ասում, այլ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունն է ասում, որ պետք է այդ անժամկետ եռակողմ հրադադարի համաձայնագրերն ամբողջովին կատարվեն: Դա Հայաստանն է ասում, դա Արցախն է ասում, և եռանախահագներն են ասում: Երբ Վիեննայում, Սանկտ-Պետերբուգում հայտարարվեց, որ պետք է ստեղծվի զինադադարի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Դա նաև այն էր, ինչ Հայաստանն է ասում, Արցախն է ասում, եռանախահագող երկրներն են ասում: Եվ ոչ միայն համանախագահների կողմից. դա ասվում է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այ կառույցների կողմից: Դուք կարծում եք` օդի՞ց են արվում այդ հայտարարությունները։ Դա համապատասխան աշխատանքի արդյունք է: Երբ Դուք ասում եք, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները, այս է անում, այն է անում: Առաջին հերթին Ադրբեջանը պատասխանատու է միջազգային հանրության առջև: Հասկանում եք, երբ միջազգային հանրությունն այդ մակարդակով, ԵԱՀԿ-ի մակարդակով, որի որոշումները կոնսեսուսով են կայացվում, այսինքն` բոլոր երկրները պետք է համաձայնություն տան դրան: Նույն միջադեպերի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դրա վերաբերյալ համաձայնություններից հետո ԵԱՀԿ ֆինանսական հանձնաժողովում մի քանի նիստ կայացավ, որոնց ընթացքում բոլոր երկրները համաձայնություն տվեցին մեխանիզմի ֆինանսավորմանը, բացի Ադրբեջանից, որը հայտնվեց մեկուսացման մեջ։ Դա կարծում եք`օդի՞ց է լինում: Ես բազմիցս ասել եմ, որ դիվանագիտական աշխատանքը դոշին խփելով կամ ամպագորգոռ հայտարարություններով չեն անում։ Պետք է հանդարտ, հավասարակռիռ կերպով քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից, և որպեսզի մեր մոտեցումներին համահունչ համապատասխան որոշումներ կայացվեն։ Դա վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընացի վերջին տարիների զարգացումներին։ Կա եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված 5 հայտարարություն: Մենք ասում ենք, այո, պատրաստ ենք դրա հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ դեպի կարգավորում: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Բաքուն չի ցանկանում անգամ հիշատակել, որ այդ 5 հայտարարությունները գոյություն ունեն: Դուք կարծում եք համանախագահ երկրների կողմից, որոնք օժտված են միջնորդության միջազգային մանդատով, որը տրվել է ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կողմից, հինգ հայտարարություններ պատահաբար են արվում։ Այդ հայտարարությունները անտեսում է Ադրբեջանը, չի ուզում որևէ հղում կատարել այդ հայտարարություններին, անտեսում է նաև նախարարների մակարդակով, եռանախագահող դեսպանների կողմից արված հայտարարությունները: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է մտցրել։ Մեր հետևողական արտաքին քաղաքականության և դիվանագիտության ջանքերի շնորհիվ Ադրբեջանը, չնայած իր նավթադոլարներին, մեկուսացման մեջ է հայտնվել։ Վահե Էնֆիաջյան. Պարոն Նալբանդյան, Դուք, ըստ էության, բարձր եք գնահատում այսօր դիվանագիտական ոլորտում մեր դիվանագետների գործունեությունը: Ինչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, ունենք այն, ինչ որ ունենք: Ես շատ լավ գիտակցում եմ, որ շատ հիմնահարցեր կան, որ հնարավոր չի հրապարակավ ներկայացնել, բացատրել, բայց Ձեր խոսքից, Ձեր մեկնաբանածից մեր իրականությունը ոչ մի բանով չի փոխվում: Հասկանում եք, ի՞նչ ձևով մենք պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմը մենք պետք է պահպանենք, ամենաբարձր ատյաններով դրա մասին խոսում ենք և ներկայացնում ենք, բայց, այնուամենայնիվ, իրականության մեջ ոչ մի բան չի փոխվում: Մեր սահմանների բացման հետ կապված և մեր նոր գործառույթները իրականացնելու, տարածաշրջանում մեր դերակատարումը մեծացնելու հետ կապված 2016 թվականի ժամանակահատվածում առանցքային մեկ-երկու ի՞նչ դեպքի մասին կարող եք խոսել: Պարոն Նալբանդյան, ես շատ լավ հասկանում եմ` Դուք բարձր ռանգի դիվանագետ եք և յուրաքանչյուր հարցի հետ կապված էլ կարող եք պատասխան տալ, բայց մեր իրականությունը դրանից պետք է փոփոխություն կրի, շոշափելի փոփոխություն. մարդիկ պետք է զգան դա իրենց վրա, այդպես չէ՞: Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, ես գնահատական չեմ տալիս մեր դիվանագիտությանը կամ արտաքին քաղաքականության ոլորտում ԱԳՆ կողմից արված աշխատանքին: Այդպիսի գնահատական կարող է տալ միայն բարձրագույն ղեկավարությունը` Հանրապետության Նախագահը: Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացված հարցերին։ Իհարկե, կարելի է փիլիսոփայել. այս ինչո՞ւ չի արվում, այն ինչո՞ւ չի արվում։ Ինչպես ժամանակին ասվում էր Թուրքիայի առնչությամբ. Թուրքիայի հետ ոչ թե դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել, այլ ստիպել, որ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և սահմանները բացի։ Ասողներին խորհուրդ կտայի՝ գնացեք, ստիպեք։ Ինչպես Թուրքիայի հետ կապված, այնպես էլ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է, որ միջազգային հանրությունը ըմբռնումով մոտենա դրանց և աջակցի այդ ջանքերին։ Իսկ դա այսօր իրողություն է, ինչի վերաբերյալ հստակ ապացույցներ ներկայացրեցի։ Սահմանի բացման իմաստով, նաև այստեղ` Ազգային ժողովում, տարբեր կարծիքներ էին հնչում, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր գնում։ Ոմանք ասում էին, որ մեզ պետք չէ սահմանների բացում, մյուսներն էլ ասում էին՝ Թուրքիայի հետ ընդհանրապես պետք չէ բանակցել: Միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագետներն որոշեն չբանակցել, դռներ փակեն, կդադարեն դիվանագետ լինել։ Դիվանագետները պետք է լավատես լինեն, այլ ոչ թե հոռետես՝ ասելով` վայ էս ինչ է, վատ է ամեն ինչ, Կիկոսի մահը պատմեն։ Մենք ոտք ենք մեկնում, ձեռք ենք մեկնում մեր հնարավորություններին համապատասխան, և որոշակի արդյունքների ենք հասնում: Ամպագոռգոռ հայտարություններով, անիրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի։ Մենք շարունակելու ենք մեր հավասարակշիռ, միջազգային հանրության կողմից ընկալելի քաղաքականությունը, որը բացի մեկ-երկու երկրներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից, գնահատվում է ըստ արժանվույն։ Շարունակելի: