«Ձեր լեռներն ու Գանձասարի Մատենադարանը իմ բացահայտումն էին». Ագուստին Պեսնոն (տեսանյութ)
Երրորդ տարին անցկացվող Երևանյան միջազգային կիթառի փառատոնի նպատակն ու Ժորա Սարգսյանի մեծ երազանքը Հայաստանում դասական կիթառը զարգացնելն ու միջազգային ասպարեզ դուրս բերելն է:
«Ես ինքս դասավանդում եմ, -ասում է փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը, - և անկեղծ զարմացած եմ, որ մեր այս փոքր երկրում այսքան տաղանդներ են ի հայտ գալիս»:
«Ձեր լեռներն ու Գանձասարի Մատենադարանը իմ բացահայտումն էին»: Երիտասարդ ֆրանսիացի պրոֆեսոր, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր կիթառահար Ագուստին Պեսնոնը, ով մինչ Երևանյան միջազգային կիթառի փառատոնի մեկնարկը մասնակցել էր Արցախում կազմակերպված համերգային երեկոյին, անչափ տպավորված է: «Մինչ Հայաստան գալը, -ասում է, - ձեր երկրի մասին որևէ բան չգիտեի: Գիտեի այսինքն, որ Արամ Խաչատրյանը հայ կոմպոզիտոր է, նաև հիացած եմ Կոմիտասի արվեստով, սակայն թերևս այսքանը: Կապող կամուրջը Ժորա Սարգսյան է:
Փառատոնի մասնակիցները վարպետության դասեր կանցկացնեն, որոնք բաց կլինեն նաև կիթառի երկրպագուների համար: