Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք, որն ընթերցվում է մեկ գիշերում (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-24-1

«Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն». սա հերթական ահաբեկչական ակտի մասին չէ։ 40 տարի առաջ Թուրքիայի Ստամբուլ և Անկարա քաղաքներում ԱՍԱԼԱ-ի մարտիկների գործողությունները մանրամասնող գրքի վերնագիրն է։ Հայաստանի  ազատագրության գաղտնի բանակը ներսից, ինչպես որ եղել է, ներկայացրել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը. «Իմ աղբյուրները եղել են հենց կազմակերպության անդամները, իրենցից վերցված պատմություններն եմ դարձրել վեպ։ Կազմակերպությունը հետաքրքիր է բոլորի համար, բայց թե ինչ կար նրա ներսում, դա է եղել իմ նպատակը գրքով ներկայացնել»։ Հեղինակն անկեղծանում է՝ փորձել է զերծ մնալ խիստ պատմական նկարագրություններից՝ ընթերցողներին դա հետաքրքիր չէ։ Կիրառել է գրական-գեղարվեստական հնարանքներ։  «1500 տպաքանակը մի երկու օրվա մեջ մարդիկ եկան տարան։  Ու որպես կանոն բոլորը նշում են, որ մեկ գիշերում կարդացել են»,- այսպիսի արձագանքներ է ստացել Կարո Վարդանյանը։ Գրքի հերոսը ԱՍԱԼԱ-ի նախնական կազմի անդամներից է։ Լիբանանյան ավիաընկերության օդաչուն 100-ից ավելի պայթյուններ է իրականացրել տարբեր երկրներում գտնվող թուրքական հաստատություններում։ Գրքի հրատարակությունը ֆինանսավորել են ԱՍԱԼԱ-ի ներկա և նախկին անդամները։ Պետությունից փող չեն ուզել՝ մտածված. «Ես այդքան միամիտ չեմ, որ պետական ատյանների դռները թակեի, կարծում եմ՝ այս հանգրվանում պետությանը պետք չէ խառնել այս գործին։ Քանի որ գիտենք՝ աշխարհը կազմակերպությունը հռչակել է ահաբեկչական կազմակերպություն»,- նշում է Կարո Վարդանյանը։ Երբեմն միտումնավոր կերպով փորձ է արվում ԱՍԱԼԱ-ի պատմությունը խեղաթյուրել։ Դրան նպաստել են կազմակերպության պաշտոնաթերթում երբեմն հայտնվող ոչ ճշգրիտ տեղեկությունները։ Պատմում է պատմաբան Գևորգ Յազըճյանը.  «1982-ի օգոստոսի 7-ին Անակարայում  Էսենպողայի օդանավակայանում «Կարին» գործողությունը նախապատրաստելու համար ԱՍԱԼԱ-ն դիմեց մի ապատեղեկացման՝ օգտվելով Լիբանան իսրայելական բանակի նեխուժման գործոնից։ Ներկայացվեց, թե այնտեղ սպանվել է իր ղեկավար Հակոբ Հակոբյանը։ Դրանով բթացվեց թուրքական Անվտանգության զգոնությունը։ Դա արվեց, որ ծանր հարված հասցվի թշնամի պետությանը»։ Հայ Գաղտնի բանակի հետ սերտ կապեր ունեցած պատմաբանը վստահեցնում է՝ կազմակերպության պատմության էջը թերթված չէ ու այսօր էլ անելիք ունի։ Հատկապես անընդունելի է Արցախի հարցում Հայաստանի ղեկավարության զիջողական կեցվածքը։ «Ցավում եմ, որ այդպիսի ղեկավարություն ունենք, փոխանակ ինքը խնդիր դնի գրավյալ տարածքների ազատագրման մասին, այդպես մտածողը հայրենաճանաչ չի։ Տարիներ առաջ էլ ասաց՝ Աղդամը երբ է եղել հայկական։ Ի ծաղր իրեն ասեմ՝ ինքը հայրենիքը չի ճանաչում և այսօր ղեկավարում է հանրապետությունը»,- հակադարձում է պատմաբանը։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտարարությունից ամիսներ անց, Աղդամին մոտ հայտնաբերվեցին հայոց հնագույն Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները։