Հայկական կողմը պետք է դիպուկ, կետային հակահարվածներ հասցնի Ադրբեջանին (տեսանյութ)
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Տավուշի մարզից քաղաքացիական անձի անցնելը Ադրբեջանի տարածք։ Փոխարենը Հայաստանի քաղաքացու անհետացման մասին մանրամասներ է հաղորդում Ռազմինֆո կայքի փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Ադրբեջանական Քեմեռլի գյուղը Բերդավան-Բարեկամավան գյուղերի հատվածում է, որի բնակիչներն ըստ ֆեյսբուքյան գրառումների, գտել են այդ մարդուն ու բռնել են»։ Սահմանը հատած քաղաքացու ճակատագրի մասին այլ տվյալներ հայտնի չեն։ Հայ-ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել, սահմանային համայնքների բնակիչները պետք է զգոն լինեն։ Արցախի հարցի շուրջ բանակցությունները դադարեցված են։ Ադրբեջանը սահմանային լարումներով փորձում է հայկական կողմից զիջումներ կորզել։ Այս պարագայում Հայաստանի ու Արցախի իշխանությունները ամեն դիվերսիայի պետք է ցավալի պատասխաններ տան։ Համոզված է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Պետք է հակահարվածներ տաս, դիպուկ, կետային, հակառակ դեպքում ես չեմ տեսնում՝ ինչ արգումենտներ պետք է լինեն, որ իրենք վերադառնան բանակցային պրոցեսի»։ Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները լցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համբերության բաժակը։ Վերջերս այդ կառույցի կողմից հնչեց Բաքվին ուղղված կոշտ և հասցեական հայտարարություն։ Բայց դա չի բավարարում հայկական կողմին։ «Ով առաջինը խախտեց զինադադարը, ժամանակը եկավ՝ դատապարտեն, ոչ միայն ասեն՝ տեսաք, առաջինը խախտեց հրադադարը։ Անպայման դա պետք է արվի, որ Մինսկի խմբի հեղինակությունը չընկնի»,- ասում է Ստեփան Գրիգորյանը։ Հայաստանը միջազգային հանրությունից երբեմն ավելին է ակնկալում, քան նա կարող է տալ, օրինակ՝ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից դժգոհ է նաև Ադրբեջանի հանրությունը, որը գնալով համոզվում է հարցի ռազմական լուծման մեջ։ «Մոտավորապես այսպիսն էր արձագանքը, որ միջազգային հանրությունը մեր դեմ է, մենք չենք կարող լայնածավալ պատերազմ սկսել, գոնե պետք է վարենք հայերին հյուծող պատերազմ»։ Փորձագետների գնահատմամբ՝ քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել կրակը, Հայաստանը պետք է մոռանա փոխզիջումների մասին, զուգահեռ դրան պետք է մտածել ուժեղանալու մասին՝ բարելավելով տնտեսությունը, արտաքին անկախ քաղաքականություն վարելով։