Կառավարության ծրագիրն ընդամենը 7 ամսվա ճակատագիր ունի. Արամ Սարգսյան (տեսանյութ)
ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացմանը Ելք դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում շնորհավորեց Կարեն Կարապետյանին, որ արդեն 2-րդ անգամն է կարողանում ներկայացնել Կառավարության ծրագիրը. «Ես այդ հնարավորությունը չեմ ունեցել, ՀՀԿ-ն նման բնավորություն ունի: Սա՝ եղբայրական, բարեկամական հորդոր»: Նա անդրադարձավ հնչած այն տեսակետներին, որ սա իշխանական կոալիցիայի ծրագիրն է. «Գուցե ես ճիշտ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա Կարեն Կարապետյանի ծրագիրն է՝ ինքն է ելույթ ունենում ու հարցերի պատասխանում: Բնակչության 90 տոկոսից ավելին ինձ նման սխալվում է: Հարգելով ծրագիրը գրող մարդկանց՝ ես կարմիր մատիտով ու ուշի-ուշով ուսումնասիրել եմ այն, ու վերջում ինձ հարցրել՝ իմաստը ո՞րն է: Ուզում էի հասկանալ՝ այս իրավիճակից՝ աշխարհաքաղաքական, ներքաղաքական, հետեւություններ արե՞լ ենք, մենք ինքներս մեզ խոստովանո՞ւմ ենք՝ այս իրավիճակի բացթողումները որոնք են, որ առաջ շարժվենք: Ծրագրում ես հակառակը տեսա: Այս հանրապետության առաջին նախագահը ստորագրում է բազային պայմանագիր, որը, չգիտես ինչու, հետագայում երկարաձգվում է, որում ոչ թե մեզ են վճարում, դեռ մի բան էլ մենք ենք վճարում: 2-րդ նախագահը գույք պարտքի դիմաց պայմանագիրը կնքեց: Այդ փաստաթղթից միայն գույքի հանձնում է կատարվում, իսկ մնացած պարտավորությունները համարյա թե չեն կատարվում: 3-րդ նախագահը մտնում է ԵՏՄ, որի հետ ոչ ընդհանուր սահման ու շահեր չունենք՝ ներքին կարգով հիմնավորվելով, որ անվտանգության խնդիր ունենք: Այս ընթացքում նույն մեր ռազմավարական գործընկերը ԵՏՄ մտնելուց հետո էլ շարունակում է զենքի վաճառքը մեր հակառակորդ երկրին: Այս ամենը ասում եմ ոչ թե հակադրվելու, այլ օգուտ տալու նպատակով»: Արամ Սարգսյանը խոսեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթի մասին, որտեղ նա ասել էր, թե կապ չունի, թե 2018թ. ով կլինի վարչապետը. որոշողը ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. «Այս ելույթով պարոն Շարմազանովը, ըստ էության, հակադարձեց վարչապետին, որ պատրաստակամություն էր հայտնել կրկին վարչապետ լինելու: Կառավարության այս ծրագիրն էլ ընդամենը յոթ ամսվա ճակատագիրն ունի, եւ նմանապես նույն վերաբերմունքն էլ ես ունեմ»: