Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաքու մտնելով՝ Պյուրոսյան հաղթանակ կունենանք»

Քաղաքականություն
vartanov

Քաղաքագետ Արա Պապյանն այսօր, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային, Նախիջեւանում անցկացվող զորավարժություններին, նշեց. «Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտիանալու է ու իր սողացող քաղաքականությունը շարունակելու է։ Մեծածավալ պատերազմի նա չի գնա` զենքի համալրում չի արել, թուրքական սպայակազմի բավարար ներառում դեռ չի եղել։ Այդ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքները Ադրբեջանի համար կանխատեսելի չեն, ու նաեւ` հայերը նման դեպքերում արագ համախմբվում են։ Մեր տակտիկան այն պետք է լինի, որ Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա»։  Ըստ նրա` Մինսկի խմբի ջանքերն իզուր են, քանի որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հարգի միջազգային իրավունքը. «Իսկ այս ֆոնին ՌԴ իրեն պահում է այնպես, կարծես ընդամենը այդ համանախագահ երկրներից մեկն է, այլ ոչ թե ռազմավարական գործընկեր»: Քննարկմանը մասնակից առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր, հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովն իր հերթին ընդգծեց. «Զորախաղերը միայն ցուցադրական բաներ չեն, այլ տարբեր փորձեր են կատարում, կարծես` ներկայացումից առաջ գլավնի ռեպետիցիա լինի, որին փորձում են ներգրավել նաեւ Վրաստանին, ու նա ստիպված ներգրավվում է։ Բանը հասել է նրան, որ թուրքական ինքնաթիռներով են գնում ադրբեջանցիներն արդեն»։  Պարոն Վարդանովի կարծիքով` մեր մրցավազքը պետք է լինի ոչ թե սպառազինության մեջ, քանի որ այդ առումով թույլ ենք, այլ զինվորական ու հասարակական որակը բարձրացնելու մեջ. «Մենք ի վիճակի ենք Բաքու մտնել, սակայն մեծ զոհերով, մինչդեռ մեր երկրում քիչ մարդ է մնացել։ Արդյունքում Պյուրոսի հաղթանակը կլինի` հարց կառաջանա` այդ գրավումից կօգտվե՞նք, թե՞ ոչ։ Բաքուն առանց պատրաստվելու վերցնելը կլինի մեծ զոհերով։ Խրամատի զինվորին դժվար կլինի համոզել, որ 400 կմ պետք է քայլի դեպի Բաքու»։ Արա Պապյանը նաեւ ավելացրեց, որ համանախագահների արձագանքը մեր սահմաններին Ադրբեջանի ագրեսիային ոչ բավարար կոշտությամբ է արտահայտվում. «Հստակ պատժամիջոցներ են պետք. միջպետական հարաբերությունները նման են միջանձնային հարաբերություններին` մարդ կա, որին մի անգամ ասելը բավարար է, մարդ էլ կա` մինչեւ գլխին չես բամփում, չի հասկանում։ Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ պատերազմ չսկսի, սակայն կարող է տարեկան 100 հոգի սպանի, ու մեր երկրում դա բերի հոգեբանական ճնշման, որն էլ իր հերթին՝ տարեկան 50 հազար քաղաքացու արտագաղթի։ Սա այն հակամարտությունը չէ, որ միջնորդական առաքելությունով լուծվի, այլ ոչ սիմետրիկ քայլերով։ Ադրբեջանում ապրում են ազգային շատ փոքրամասնություններ, նրանց հետ այսօր աշխատելու հնարավորություն ունենք։ Օրինակ` լեզգիների, թալիշների մեջ փոփոխություն կա, նրանք չեն ուզում էլ կռվել ադրբեջանական բանակում։ Զենքը հիմնական միջոց պետք է լինի այս հակամարտությունում, սակայն պետք է նաեւ աշխատանք` փափուկ ուժի միջոցով։ Պետք է տրոհել Ադրբեջանը, որ նա զրկվի մարդկային եւ նյութական հնարավորություններից, չթողնենք անգամ, որ ինքը մնա իր սահմանների մեջ»։